Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է զորահավաքի մասին օրինագիծը

Ուկրաինայի գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն է տվել զորահավաքի մասին օրինագծին: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի հաղորդագրությունը Telegram-ում։

Օրինագծին կողմ է արտահայտվել 243 ժողովրդական պատգամավոր, դեմ՝ 12-ը, ձեռնպահ է մնացել 45-ը։

«Օրինագիծն ընդունվել է առանց հանձնաժողովի առաջարկների: Այնուհետև կլինեն լրացումներ մինչև փետրվարի 21-ը և երկրորդ ընթերցումը», – հայտարարել է Ժելեզնյակը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, օրինագիծն ամբողջությամբ կընդունվի փետրվարի վերջին շաբաթում, կստորագրվի մարտի սկզբին և ուժի մեջ կմտնի ապրիլին։

Նախարարների կաբինետը զորահավաքի կանոնների խստացման մասին օրինագիծը Գերագույն ռադա էր ներկայացրել դեկտեմբերի 25-ին, սակայն քննադատական գնահատականների էր արժանացել բազմաթիվ քաղաքական գործիչների կողմից։ Այն հունվարի 11-ին հետ էր կանչվել, որից հետո հունվարի 30-ին Ռադա էր ներկայացվել նորացված օրինագիծը։

Օրինագծով առաջարկվում է ներմուծել էլեկտրոնային ծանուցագրերի համակարգ, զորակոչից խուսափողների նկատմամբ կիրառել խիստ միջոցներ, այդ թվում՝ բանկային հաշիվների արգելափակում։ Չեղարկվում է տարկետման հնարավորությունն այն անձանց համար, որոնք երկրորդ բարձրագույն կրթությունն են ստանում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2023 թ․ դեկտեմբերին հայտնել էր, որ երկրի զինված ուժերի հրամանատարությունը խնդրել է զորակոչել ևս 500 հազար մարդու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս