Բաժիններ՝

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 53․400-ով

Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից հետևում է, որ 2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 41.4 հազար մարդ: Մինչդեռ, բնակչության բնական հավելաճը (ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) 2023-ին կազմել է ընդամենը 12 հազար մարդ:

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՝ երկրի 71 համայնքների 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 915.3, իսկ 953 գյուղերում՝ 1 մլն 075.6 մարդ: Ընդ որում՝ մայրաքաղաքն ունի 1 մլն 104.2 հազար բնակիչ: Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի բնակչության աճը 15.6 հազար մարդ է:

Մարզերից բնակչության թվով անվիճելի առաջատարն է Կոտայքը (278 հազար մարդ), որին հաջորդում են Արմավիրը (259.4), Արարատը (255.8), Շիրակը (237.9), Լոռին (225.3), Գեղարքունիքը (213.2), Արագածոտնը (131.5), Սյունիքը (119.5), Տավուշը (117.1) և Վայոց ձորը (49):

Անցած մեկ տարում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքում (7.3 հազար մարդ), ամենացածր ցուցանիշը Վայոց Ձորում է (1.6): Մարզերից քաղաքային բնակչության ամենամեծ աճը Կոտայքում է (4.7 հազար մարդ), ամենաքիչը՝ Շիրակում (1.1): Գյուղական բնակավայրերում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում՝ 2600-ական մարդ, ամենացածր թիվը՝ Վայոց ձորում և Տավուշում՝ 300-ական:

2023 թվականից սկսած բնակչության թվի ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս