ՔՊ-ի բերած արհավիրքների դեմ սա փոքր միջադեպ է. Մարությանը՝ իրեն ավագանուց հեռացնելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներից 5-ին հեռացնելը ամենափոքր միջադեպերից մեկն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։

«Իշխանությունն ավագանու նիստերին գալիս է և ընդամենը դակում վերևից իջեցրած հրամանները։ Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետևանքներ պետք է ունենա»,- ասաց Հայկ Մարությանը։

Նա հայտարարեց, որ, օրինակ, կարմիր գծերի վճարը թանկացնելուց հետո Երևանը բեռնաթափելու մասով ոչինչ տեղի չի ունեցել՝ շեշտելով, որ չի ճանաչում գեթ մեկ մարդու, որ այս որոշումից հետո իր մեքենան թողել է տանը և տրանսպորտից է օգտվում։

«Նրանք առանց նորմալ հանրային տրանսպորտ ապահովելու թանկացում կատարեցին, կոնկրետ թալան»,- ասաց նա՝ հավելելով, որ այս որոշումով կրկին քաղաքապետարանը հարվածեց սոցիալապես անապահով խավին։

Հայկ Մարությանը հայտարարեց նաև նոր կուսակցություն հիմնելու մասին, որն ակտիվորեն ներգրավված կլինի բոլոր կարևոր քաղաքական պրոցեսների մեջ, այդ թվում՝  մասնակցելու են Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրություններին, իսկ ինքը՝ որպես կուսակցության ղեկավար, կառաջադրվի վարչապետի թեկնածու։

«Մենք ունենք բազմաթիվ աջակիցներ, որոնք մեզ են դիմում նոր կուսակցություն ստեղծելու հարցով։ Մենք հիմա այդ պրոցեսի մեջ ենք, շուտով կհայտարարենք այդ մասին։ Կուսակցությունը շուտով կլինի, և, բնականաբար, այն ակտիվորեն կմասնակցի Հայաստանի բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին։ Եթե չլինեն արտահերթ ընտրություններ, մենք կպատրաստվենք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ ես՝ որպես կուսակցության ղեկավար, կառաջադրվեմ վարչապետի թեկնածու»,- հայտարարեց է Հայկ Մարությանը։

Տեսանյութեր

Լրահոս