
ԼՂ-ում պահեստի պայթյունից տուժածների մեծ մասը արտերկրում բուժվելուց հետո վերադարձել է Հայաստան

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժվող քաղաքացիների մեծ մասը վերադարձել է Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մոտ երկու տասնյակ պացիենտ բուժման նպատակով մեկնել էր արտերկիր՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլ երկրներ։ Պայթյունից տուժած մեկ բուժառու ներկայում բուժում է ստանում Երևանում։ Մնացած տուժածները գտնվում են ամբուլատոր վերահսկողության տակ»,-մանրամասնեց նախարարը։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ ։
Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք՝ հիմնականում այրվածքների տեսքով։