Ալիևի նոր օդանավակայանները՝ ամայության մեջ

2021 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիսավոր բացեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով և ծառայողներով:

Դրանից ի վեր նոր օդանավակայանը հիմնականում դատարկ է:

Օդանավակայանի կառուցման վրա բյուջեից 44 միլիոն դոլար էր ծախսվել։ Բացումից մեկ տարի անց Ադրբեջանը հայտնեց, որ այն շաբաթական մեկ թռիչք է սպասարկել։ Սակայն թռիչքների հետագծման կայքերը ցույց են տալիս, որ առնվազն այս տարի որևէ ինքնաթիռ այս օդանավակայան չի ժամանել կամ՝ մեկնել։

2022-ի հոկտեմբերին Ֆիզուլիից 70 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Զանգելանի մերձակայքում բացվեց ևս մեկ միջազգային օդանավակայան: Լաչինի մերձակա լեռներում էլ այժմ երրորդ օդանավակայանն է կառուցվում։

Օդանավակայանները շինարարական մեծ ծրագրի մի մասն են, որ Ադրբեջանը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Ղարաբաղի նկատմամբ 2023-ի սեպտեմբերի հարձակումից հետո վերահսկողության տակ առած տարածքներում ։

Բաքուն սա ներկայացնում է որպես «մեծ վերադարձ դեպի Ադրբեջանի ազատագրված տարածքներ», պնդելով, թե այն ծննդավայր վերադառնալու հնարավորություն կտա հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որ տեղահանվել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Այդ տարածքները վերականգնելու համար 2023-ին բյուջեից ավելի քան 3 միլիարդ դոլար է տրամադրվել։

Ադրբեջանցի տնտեսագետ Թողրուլ Վելիևը, մինչդեռ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե շինարարության լայնամասշտաբ այս ծրագրերն իրականում բյուջեից հեշտ ֆինանսավորում ստանալու աղբյուր են։

«Յուրաքանչյուր պետական գերատեսչություն փորձում է մի մաս պոկել միլիարդավոր դոլարներից», – ասում է Վալիևը։

Օրինակ է բերում․ – «AZAL-ը («Ադրբեջանական ավիաուղիներ»-ը) խորհուրդ է տալիս օդանավակայան կառուցել Զանգելանում, թեև դրա մոտակայքում արդեն իսկ օդանավակայաններ կան․ մի ուղղությամբ բառացիորեն մեկ ժամ մեքենայի հեռավորություն է, մյուս ուղղությամբ՝ մի քանի ժամ»:

2023 -ի հոկտեմբերի դրությամբ շուրջ 2 հազար ադրբեջանցի է միայն վերադարձել նորոգվող շրջաններ։ Բաքուն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը այստեղ վերաբնակեցնել մոտ 150 հազար մարդու։

Ամերիկահայ հետազոտող Սիմոն Մաղաքյանը, ով բացահայտել է Ադրբեջանի կողմից Նախիջևանի էքսկլավում հայկական քրիստոնեական ժառանգության գրեթե ամբողջական ոչնչացումը, կարծում է, որ շինարարական հսկայական նախագծերը որոշ դեպքերում կարող են օգտագործվել՝ քողարկելու Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հազարավոր հայկական պատմական վայրերի «շարունակական ոչնչացումը»:

Ադրբեջանի հրապարակած պաշտոնական լուսանկարներում աչքի է ընկնում հայկական մշակութային ժառանգության բացակայությունը:

Մաղաքյանը, ով լայնորեն ուսումնասիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանների՝ բաց աղբյուրներից ստացված պատկերները, ասում է, որ «Լեռնային Ղարաբաղ մտնելը, թվում է, խստորեն վերահսկվում է նույնիսկ ադրբեջանցի զբոսաշրջիկների կամ նախկին բնակիչների համար»:

Ադրբեջանական լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ, որոնք վերջերս այցելել են այս շրջաններ, հրաժարվել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին մեկնաբանություն տալ իրենց տեսածի մասին, հատկապես լրագրողների՝ վերջին շաբաթների ձերբակալություններից հետո:

2021 թվականի դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր որոշում կայացրեց, որ Ադրբեջանը պետք է «պատժի և կանխի» հայկական հուշարձանների ոչնչացումը։

Մինչ Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. ժամանակավոր որոշումը Լեռնային Ղարաբաղի ամենանշանավոր շինություններից մեկի՝ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը վերածվել է բյուզանդականի՝ ադրբեջանական զինուժի գրավելուց հետո:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումից ի վեր, դիտորդներն ասում են, որ Բաքուն, ըստ էության, համեմատաբար զուսպ է վերաբերվում մշակութային արժեքներին, և հույս կա, որ հայկական հայտնի մշակութային ժառանգությունը կարող է գոյատևել, եթե արբանյակային մոնիտորինգը և միջազգային ճնշումը շարունակվեն:

parstoday

Տեսանյութեր

Լրահոս