Բաժիններ՝

Tesla-ի խորհրդի անդամները Մասկի հետ թմրանյութ են օգտագործել՝ չցանկանալով վրդովեցնել միլիարդատիրոջը. Wall Street Journal

Ամերիկյան Tesla ընկերության տնօրենների խորհրդի որոշ նախկին և ներկա անդամներ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ թմրանյութեր են օգտագործել՝ վախենալով նրան վրդովեցնել և այդպիսով կորցնել «սոցիալական կապիտալը»։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին:

Նախկինում Մասկը հերքել էր ապօրինի նյութերի օգտագործման վերաբերյալ պարբերականի պնդումները։ Սակայն WSJ-ի աղբյուրները պնդում են, որ Tesla-ի տնօրենների խորհրդի անդամ և Airbnb վարձակալության ծառայության համահիմնադիր Ջո Գեբիան Իլոն Մասկի հետ Austin Proper հյուրանոցում օգտագործել է կետամին։

WSJ-ը նաև գրում է դեպքերի մասին, երբ Tesla-ի խորհրդի նախկին անդամներ Սթիվ Ջարվեթսոնը և Անտոնիո Գրասիասը, ինչպես նաև գործարարի եղբայրը՝ Քիմբալ Մասկը, որը մտնում է Tesla-ի և SpaceX-ի (ևս Իլոն Մասկին պատկանող) ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում, թմրանյութեր են օգտագործել Մասկի հետ:

WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Մասկին մոտ գտնվող որոշ մարդիկ, այդ թվում՝ Tesla-ի տնօրենների խորհրդի անդամները, կարծում են, որ իրենցից ակնկալվում է, որ նրանք թմրանյութեր կօգտագործեն միլիարդատիրոջ հետ։

Իլոն Մասկի շրջապատի մարդիկ վախենում են նրան վրդովեցնելուց, քանի որ նա «օգնել է նրանց հարստություն կուտակել» և չեն ցանկանում «վտանգել իրենց՝ կորցնելով սոցիալական կապիտալը», գրում է թերթը։

2024 թվականի հունվարի սկզբին WSJ-ը գրել էր, որ Իլոն Մասկը օգտագործել է LSD, կոկաին, էքստազի և հալյուցինոգեն սունկ, որոնք արգելված են Միացյալ Նահանգներում։ Ինքը՝ Մասկը, այս տեղեկությունը կեղծ է անվանել և հայտարարել, որ պարբերաբար թմրանյութերի թեստավորում է անցնում։ Միաժամանակ գործարարը հաստատել է, որ կետամին պարունակող նյութեր է ընդունում։ Մասկի խոսքով՝ իրեն անհրաժեշտ են այս դեղամիջոցները՝ Ասպերգերի համախտանիշով երկբևեռ խանգարումը բուժելու համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս