Բաժիններ՝

Կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Պատմության թանգարանն՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու ցուցադրման մասին

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Հայաստանի պատմության թանգարանն՝ անդրադառնալով Երևանում Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանի ցուցադրման վերաբերյալ շրջանառվող հրապարակումներին:

«Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվ համագործակցում է նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։

Դեռևս 2018 թվականին թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ներկայացվել է 10 բացառիկ նմուշ։

2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվեց «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցություն ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ իր հավաքածուից ցուցադրությունում ներկայացնելով 4 բացառիկ նմուշներ (Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V դդ․), Էրեբունուց հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․))։

Ցուցադրության բացման շրջանակում տեղի են ունեցել բանակցություններ Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ: Մասնավորապես Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և թանգարանի այլ պատասխանատուների հետ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու թանգարանների միջև հետագա համագործակցության հեռանկարներն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ցուցադրությունների կազմակերպման շարունակականության ապահովումը:

Բրիտանական թանգարանի հոգաբարձուների խորհրդի հավանությամբ՝ այս տարի Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում նախատեսվում է ժամանակավոր տրամադրել Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․ ): Առաջին անգամ այս մասունքային նշանակության ցուցանմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ուշագրավ ցուցանմուշների հետ»,- նշված է Պատմության թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրության կազմակերպման հետ կապված աշխատանքները շարունակվում են․ ավարտից հետո ԿԳՄՍ նախարարության և թանգարանի կողմից պաշտոնապես կհայտարարվի ծրագրի մեկնարկի մասին։

Ավելի վաղ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս