Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Կոբախիձեի թեկնածությունն առաջադրվել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության` փետրվարի 1-ին տեղի ունեցած համագումարում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս հրաժարվել է վարչապետի պաշտոնից և զբաղեցրել իշխող կուսակցության նախագահի պաշտոնը։ Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Կոբախիձեն փաստացի փոխանակում են իրենց պաշտոնները։

«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին համագումարի ժամանակ կայացած քվեարկությունից հետո։

Իրակլի Կոբախիձեն 46 տարեկան է: 2021 թ. հունվարից «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահն է։ Մինչ այդ նա իշխող թիմի գործադիր քարտուղարն էր։ Նախքան «Վրացական երազանք» գալն աշխատել է որպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման ծրագրի մենեջեր, Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետի որակի ապահովման ծառայության պետի պաշտոնակատար, «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրի փորձագետների կոմիտեի անդամ, Վրաստանում Եվրոպայի խորհրդի նախագահությունում ռազմավարական պլանավորման փորձագետ:

Տեսանյութեր

Լրահոս