Մոսկվան հույս ունի, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը չի անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ Մոսկվան գնահատում է դրանք։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա, ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Բայց մյուս կողմից էլ մեզ համար կարևոր է, որ նման որոշումներն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո չազդեն մեր երկկողմ հարաբերությունների վրա, ինչը մենք գնահատում ենք և հույս ունենք հետագայում էլ զարգացնել», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր 2023 թ․ հոկտեմբերի 3-ին։ Այսպիսով, Հայաստանը դարձել է Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Հայաստանի տարբեր պաշտոնյաներ, սակայն, հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս