Անցյալ տարի կանխվել է չափորոշիչներին չհամապատասխանող ավելի շատ բեռների ներկրում Հայաստան

Հայաստանում 2023 թվականին իրականացված սահմանային պետական վերահսկողության արդյունքում հաջողվել է կանխել ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող ավելի շատ բեռների ներկրում, քան դրան նախորդած տարում:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Ըստ այդմ՝ անցյալ տարի կանխվել է արգելված բեռների 79 խմբաքանակի ներմուծում, որից 5-ը՝ փաստաթղթային, իսկ 74-ը՝ լաբորատոր ստուգման հիմնավորմամբ: Հայաստան չի ներկրվել 6740 հատ ինկուբացիոն ձու, 10774 կգ պարարտանյութ, 4040 կգ կաթնամթերք, 21400 տնկի, 1 միլիոն 644 հազար 157 կգ կենդանական ծագման չվերամշակված սննդամթերք, 38 հազար 175 կգ այլ սննդամթերք: Մինչդեռ 2022-ին երկիր չներմուծված արգելված բեռների խմբաքանակը եղել է ընդամենը 20-ը՝ 4-ը փաստաթղթային, 16-ը՝ լաբորատոր ստուգման հիմնավորմամբ : Այդ թվում՝ 959 գլուխ կենդանի խոզ և 105 հազար 481 կգ կենդանական ծագման չվերամշակված սննդամթերք:

2023-ին տրամադրվել է 23 հազար 686, իսկ 2022-ին՝ 23 հազար 572 ներմուծման հավաստագիր:

2023-ին ուսումնասիրվել է 2261, իսկ 2022-ին՝ 2893 նմուշ: Հայտնաբերվել է համապատասխանաբար 74 և 16 խախտում:

Տեսանյութեր

Լրահոս