Բաժիններ՝

ԵՄ երկրները վերջին հնարավորությունն ունեն՝ Կիևին ֆինանսավորելու հարցում Հունգարիայի հետ համաձայնության հասնելու

Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում փետրվարի 1-ին անցկացվող գագաթնաժողովի ընթացքում պետք է փորձեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համաձայնության հասնել Ուկրաինային օգնության տրամադրելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԵՄ երկրները ցանկանում են Ուկրաինային 2024-2027 թթ․ ընթացքում տրամադրել 33 միլիարդ եվրո վարկերի տեսքով և 17 միլիարդ եվրո՝ դրամաշնորհների տեսքով։ ԵՄ-ն Ուկրաինային օգնում է 2022 թ․ փետրվարին Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր, սակայն դա տեղի է ունենում միջկառավարական գործարքների միջոցով, որոնք պետք է հաստատվեն ամեն տարի և ավելի բարդ գործընթաց են ներկայացնում, քան ԵՄ բյուջեի միջոցով ֆինանսավորումը։

Սակայն Եվրամիության բյուջեն օգտագործելու համար բոլոր 27 անդամ երկրները պետք է համաձայնության գան, իսկ Հունգարիան, որը նաև սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ, ցանկանում է հատկացումների վրա ամեն տարի վետո դնելու հնարավորություն ունենալ։ ԵՄ անդամ 26 երկրները մերժել են Հունգարիայի այս պահանջը, և ֆինանսավորումը չի հաստատվում 2023 թ․ դեկտեմբերից ի վեր։

Փոխարենը ԵՄ խորհուրդը մեկ այլ առաջարկ է ներկայացրել՝ ամեն տարի քննարկում անցկացնել այն բանի շուրջ, թե ինչպես է Ուկրաինան ծախսում հատկացված գումարը՝ առանց Հունգարիային վետոյի իրավունք տալու։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք Հունգարիան համաձայն է այս պայմաններին թե ոչ։

Փետրվարի 1-ի գագաթնաժողովն այս հարցը լուծելու վերջին հնարավորությունն է։ Համաձայնության չհասնելու դեպքում երկրները պետք է վերադառնան Կիևին ֆինանսավորելու նախկին սխեմաներին։ Ուկրաինային ֆինանսավորելու հարցում ԵՄ-ն այլևս չի կարող սպասել, քանի որ մարտին, ըստ կանխատեսումների, Ուկրաինայի գումարը կսպառվի։

Ֆինանսավորման հարցը հրատապ է դառնում նաև այն պատճառով, որ Ուկրաինային գումարի հատկացումն ԱՄՆ-ի կողմից նույնպես անորոշ է, քանի որ Կոնգրեսը դեռ չի հաստատել համապատասխան օրինագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս