Իրաքի «Հեզբոլլահ»-ը «պատրաստ է պատասխանել», եթե ԱՄՆ-ն վրեժ լուծի Հորդանանում հարձակման համար
Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը պատրաստ է «մեծ հեռահարության չհայտարարված զենքով» պատասխան հարված հասցնել ցանկացած ժամանակ և վայրում, եթե ԱՄՆ-ն փորձի վրեժ լուծել Հորդանանի ռազմակայանում իր երեք զինծառայողների զոհվելու համար։ Այս մասին Newsweek-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչը:
«Քաթաիբ Հեզբոլլահ»-ը հաստատում է, որ պատրաստ է պատասխան տալ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում… Խմբավորումն ունի մեծ հեռահարության չհայտարարված զենք, և մենք կարող ենք հարված հասցնել Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմակայանի», – ասել է խմբավորման ներկայացուցիչը։
Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր պատասխանել հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող իր ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի կիրառմամբ գրոհին, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ ավելի քան 40 ամերիկացի զինծառայող: Հունվարի 31-ին ԱՄՆ-ն հայտնել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի վրա գրոհի հետևում կանգնած է «Իրաքի իսլամական դիմադրություն» «հովանոցային» կազմակերպությունը, որի մեջ, ի թիվս այլոց, մտնում է իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»: