Անտառ չենք մտնում, բայց մեկ է՝ գայլն անտառից դուրս է գալիս, մեզ ուտում. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ նշել էով, թե կան ոլորտներ, օրինակ՝ էներգետիկան, որն այսօր «այնպիսին չէ, ինչպես, ասենք, 10 տարի առաջ»։

«Էներգետիկայի մասին մեր գիտելիքները՝ ամենահայտնի պրոֆեսիոնալներով, հնացած են։ Կապի մասին մեր ընկալումները հնացած են, շատ են հնացած»,- ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է. «Իրավիճակներ կան, երբ ես ժամանակին՝ 2-3 տարի առաջ, քննարկումների ընթացքում հենվել եմ պրոֆեսիոնալների արած եզրակացության վրա, և հիմա պետք է խոստովանեմ, որ սխալ եմ արել, որովհետև երբ գնում ենք ուրիշ տեղեր, տեսնում ենք՝ այդ նույն հարցերով ինչ քննարկում է եղել, և ինչի է բերել»։

Անդրադառնալով այն քննադատություններին, թե կառավարությունը չի լսում մասնագետներին, նա ասել է.

«Որ ասում են՝ այ էս հարցը կառավարությունը քննարկում է, բայց մի հատ մասնագետներին չի հարցնում… բայց, ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք՝ այն մարդիկ, որ մասնագետի դրոշով շքերթ են անում, ինչքանո՞վ են մասնագետ կամ ինչի՞ մասնագետ են, կամ մասնագիտությունը, որ ունեն՝ 2024թ. կարիքներին որքանո՞վ է բավարարում։ Լավ, ամեն ինչը հո դիպլոմով ու գիտական աստիճանով չի՞»։

Ըստ Փաշինյանի՝ հիմա քաղաքական առաջնորդության ժամանակն է.

«Այդ քաղաքական առաջնորդությամբ է, որ մասնագետ պետք է ունենանք։ Այո, մենք ունենք մասնագետներ, բայց շատ դեպքերում տեսնում ենք՝ ամենաթարմ ինֆորմացիան, որ իրենք ունեն, 1993 թվի է։ Աշխարհը կիլոմետրերով գնացել է, իրենք մեր փեշերից ետ են պահում՝ չգնաք այնտեղ, անտառ չմտնեք, գայլը մեզ կուտի։ Անտառ չենք մտնում, գայլն է գալիս՝ մեզ ուտում»։

Տեսանյութեր

Լրահոս