«Մոսադ»-ը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ 35 օր զինադադարի դիմաց 35 պատանդի ազատ արձակման պլան
Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բառնեան պլան է ներկայացրել երկրի զինվորական կաբինետին, որը պարունակում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը 35-օրյա զինադադարի առաջարկ՝ 35 իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց։
Նշվում է, որ ըստ Channel 12 հեռուստաալիքի տվյալների՝ հնարավոր գործարքն ունենալու է փուլային բնույթ, որի ընթացքում պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվող բոլոր 136 պատանդները։ Առաջին փուլում յուրաքանչյուր օրվա հրադադարի դիմաց ազատ կարձակվի 1-ական պատանդ։ Նախ և առաջ, նախատեսվում է վերադարձնել կանանց, տարեցներին, հիվանդներին ու վիրավորներին։
Զինադադարը կարող է երկարացվել ևս մեկ շաբաթով՝ պատանդների ազատ արձակման երկրորդ փուլի շուրջ բանակցությունների համար. նրանց մեջ կարող են մտնել քաղաքացիական պաշտպանության ջոկատների անդամները և այն տղամարդիկ, որոնց ՀԱՄԱՍ-ը դիտարկում է որպես մարտիկներ:
Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցի այն բանտարկյալների թիվը, որոնք ազատ կարձակվեն և կհանձնվեն ՀԱՄԱՍ-ին, դեռ պետք է որոշվի։
Իր հերթին, ըստ Al Hadath պարբերականի, ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Փարիզում վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացված առաջարկին, համաձայն որի փուլ առ փուլ ազատ կարձակվեն իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալները:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով 240-ին, որոնց մի մասն ազատ է արձակվել կողմերի միջև նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ժամանակ։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը հասել է 26 900-ի։