Ի՞նչ է անում ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում՝ ՈւՂԻՂ
168.am-ը քիչ առաջ տեղեկություն էր ստացել, որ Ազգային Անվտանգության աշխատակիցները շուրջ 20 հոգանոց խմբով մուտք են գործել Էկոնոմիկայի նախարարության շենք: Տեղեկության հետքերով մեր նկարահանող խումբը եղավ նախարարությունում՝ փորձելով պարզել մանրամասները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը մեզ հետ առանձնազրույցում չցանկացավ բացել փակագծերը՝ բացառապես տեղեկացնելով. «Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր՝ միաժամանակ չխախտելով մեր աշխատակցի անմեղության կանխավարկածը և հաշվի առնելով նաև, որ հատկապես վերջին 3 տարիների ընթացքում էկոնոմիկայի նախարարության որևէ աշխատակցի նկատմամբ մեղադրական դատավճիռ չկա, չի եղել»:
Թե որ աշխատակցի, որ պաշտոնյայի մասին է խոսքը, Աստղիկ Սարգսյանը չհստակեցրեց՝ նկատելով, որ լրացուցիչ տվյալներ կլինեն, երբ քննչական գործողություններն ավարտված կլինեն:
Արդյոք վերջին ազատումն առնչություն ունի՞ այս գործին՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան էլ՝ նախարարի մամուլի քարտուղարն արձագանքեց. «Մեկնաբանություն չունեմ»:
Նշենք, որ վերջին ժամերին Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող միակ լուրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի պաշտոնից ազատումն է եղել:
Մինչ այս պահն այս քննչական գործողություններին առնչվող այլ պաշտոնական պարզաբանում չի եղել որևէ գերատեսչությունից: