Փաշինյանը կասկածի տակ է դնում գործող Սահմանադրության լեգիտիմությունը. Գոհար Մելոյան

«Օրերս հերթական ուղերձը ստացանք։ Մեզ համար անակնկալ չէր, որ իշխող ուժն իշխանության գալուց ի վեր իր օրակարգում ուներ Սահմանադրության փոփոխությունները, այստեղ նորությունն այն է, որ գործադիրի ղեկավարն օրակարգ մտցրեց նոր Սահմանադրություն ունենալու գաղափարը»,- ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանն «Ի՞նչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ:

 Նրա խոսքով՝ մասնագետների համար ակնհայտ է, եթե կատարում են սահմանադրական փոփոխություն, ապա կաշկանդվածություն ունեն Սահմանադրության մի շարք հատվածներում փոփոխություն կատարելու հարցում։ Արդյո՞ք անհրաժեշտություն ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթները փոփոխել, և դա է պատճառը, որ  դիմում են  Սահմանադրությունը փոխելուն։ Անփոփոխելի են Սահմանադրության նախաբանը, որը հենաքարային է և հղում է կատարում ՀՀ Երրորդ Հանրապետության անկյունաքարային ու իրավական փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին։

Սահմանադրագետը հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ նախարարը չի հերքել, որ Հայաստանի արտաքին հարաբերությունների ուղեծրում, թշնամի ու հակառակորդ երկրների հետ բանակցությունների օրակարգում առկա է Սահմանադրությունը փոխելու հարցը։

«Սա մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ կա նախաբանի ձևափոխման, ձևախեղման, Անկախության հռչակագրում ամրագրված հիմնական դրույթներից հրաժարման օրակարգային խնդիր։

Կարդացեք նաև

Գործադիրի ղեկավարը Սահմանադրության վերաբերյալ իր ուղերձում թույլ տվեց մի շարք պիտակավորումներ, դրանցից էին Սահմանադրության մրցունակությունը, լեգիտիմության հարցը, այսինքն՝ հարցականի տակ են դնում մեր Սահմանադրության, այս երկրի բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի լեգիտիմությունը։ Սա իրավական քաոսի ուղերձ է՝ ուղղված մեր հասարակությանը»,- շեշտեց Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս