Բաժիններ՝

«Այս իշխանություններին ձեռնտու չէ, որ գերիները վերադառնան, որովհետև ջրի երես շատ բան դուրս կգա». Քիմիկների զորամասից անհետ կորածի մայր

Դեռևս նախորդ տարվա օգոստոսի 30-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները գնացել էին Պաշտպանության նախարարություն՝ հանդիպում պահանջելու նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Մեկ ամբողջ օր ծնողները մնացել էին ՊՆ շենքում, բայց հետո նրանց տեղեկացրել էին, որ Պապիկյանը շենքում չէ՝ վստահեցնելով, թե նախարարն իրենց հետ անպայման կհանդիպի։ Ծնողների հետ հանդիպել էր Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, զրուցել նրանց հետ, սակայն, ինչպես ծնողներն էին ասել, իրենց հարցերին չի պատասխանել, այդ պատճառով էլ ցանկացել են, որ հանդիպումն անպայման լինի Սուրեն Պապիկյանի հետ։

Ի վերջո, դրանից մեկ օր հետո Սուրեն Պապիկյանը հանդիպել էր ծնողների հետ, խոստացել, որ կրկին կհանդիպեն՝ քննարկելու մտահոգող բոլոր հարցերը, սակայն մինչև օրս նման հանդիպում նախարարի հետ տեղի չի ունեցել։

168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, ասաց, որ առ այսօր բոլոր գերատեսչությունների ղեկավարներն իրենց խաբում են ու չեն ընդունում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը։

«Ես այլևս իրենց չեմ զանգահարում ու չեմ էլ ուզում հանդիպել, քանի որ այսքանից հետո հասկացա՝ մարդ չեն։ Սուրեն Պապիկյանն առաջին հանդիպման ժամանակ ասաց, որ՝ ձեզ հետ անպայման կհանդիպեմ, ու առ այսօր մեզ հետ «անպայման հանդիպում» է։ Մեզ որևէ մեկը որևէ հստակ բան չի ասում՝ ո՛չ ՊՆ-ից, ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ Կառավարությունից։ Մենք իրենց այդքան ասում ենք՝ Ադրբեջանն իր պահանջներն է ձեզ ներկայացնում, դուք էլ ձերը ներկայացրեք, հետաքրքրվեք մեր երեխաների ճակատագրով՝ չեն անում։ Այս իշխանություններին ձեռնտու չէ, որ գերիները վերադառնան, որովհետև ջրի երես շատ բան դուրս կգա»,- ասաց Կարինե Մանավազյանը։

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում չկա այնպիսի կազմակերպություն, որին դիմած չլինեն, դիմել են նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մի շարք մարդասիրական կազմակերպություններին։

«Արտասահմանյան կազմակերպությունների ենք դիմել, իրենք մեզ անմիջապես արձագանքել են ու ասել, որ՝ ձեր ղեկավարությունը մեզ արգելում է գերիների հարցով զբաղվել, և այս պատասխանը եկել է ոչ թե մեկ, այլ մի քանի տեղից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից։ Պապիկյանի հետ հանդիպմանը ես այս հարցն իրեն տվել եմ, թե ինչո՞ւ չեն թողնում, որ այլ երկրներից էլ զբաղվեն մեր երեխաների հարցերով, ինձ պատասխանեց, որ անտեղյակ է, նման բան չգիտի։ Փաստորեն բոլորն են անտեղյակ, որովհետև սա իրենց ձեռնտու է»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարինե Մանավազյանը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ի գիշերը, այն ժամանակ Կապանում է եղել, որտեղից առավոտ շուտ պետք է մեկնեին Կովսական։

«Լուսադեմին տղաներին տարել են Կովսական։ Այնտեղից մի քանի հոգի վերադարձել են, նրանց մեջ է նաև որդուս մտերիմ ընկերը, բայց ինչպես հասկանում եմ, ԱԱԾ-ն արգելում է այդ մարդկանց, որպեսզի մեզ հետ խոսեն, որովհետև բոլորը միաբերան նույն բանն են ասում՝ տեղյակ չենք, չգիտենք՝ ինչ է կատարվել։ Նույնիսկ հրամանատարը չգիտի, իբր հրամանատարը, որին Պապիկյանը տարել գիրկն է նստեցրել, այսինքն՝ հիմա պիտի հանցանք գործես, որ քեզ պաշտոն տան։ Հրամանատարն այս հանցանքը գործեց՝ տարավ երեխեքի գլուխը կերավ, եկավ նստեց բարձր պաշտոնի։

Այդքան ծնողներ կան, բոլորը հույսները կտրել են, այս պաշտոնյաների վրա հույս չենք դնում։ Մեր միակ հույսն այն է, որ Նիկոլը հրաժարական տա, գա նորմալ մարդ, որը կկարողանա մեր երեխաների հարցը լուծել, սա է մնացել մեր միակ հույսը»,- նշեց Կ. Մանավազյանը։

Նա նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իրենց չի ընդունում, որպեսզի հարցնեն՝ իրենց տղաներին հետ բերե՞լ է, որ խաղաղության պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ։

«Մեզ չեն ընդունում, որ այս հարցը տանք, ես միայն կարողանում եմ հարցերը բարձրացնել լրատվամիջոցներով։ Ինչո՞ւ ես կնքում պայմանագիր, եթե մենք Ադրբեջանում գերիներ ունենք, թե՞ այս երկրին արդեն կռվողներ պետք չեն։ Թողել են անթասիբներին, որոնք պատերազմի անուն լսելիս՝ հանկարծ ձեռք են բերում հաշմանդամություն։ Իշխանություններին էլ երևի սա է պետք»,- եզրափակեց Կարինե Մանավազյանը։

Տեսանյութեր

Լրահոս