Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը շուրջ 2.5 մլրդ եվրո է ներդրել Թուրքիայում
«Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը» (EBRD) հայտարարել է, որ Թուրքիայում կատարված ներդրումները 2023-ին հասել են ռեկորդային ծավալների: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 2023-ին իրականացված ներդրումների ծավալը կազմել է 2.48 մլրդ եվրո, այնինչ 2021-ին եղել էր 2 մլրդ, իսկ 2022-ին 1.63 մլրդ եվրո:
Նշվում է, որ 2023-ին ներդրումների նման ծավալը պայմանավորված է եղել տարեսկզբին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքները վերացնելու միտումով:
Վերակառուցման և վնասի վերականգնման նպատակով տրամադրվել է հավելյալ 600 մլն եվրո, ինչպես նաև պլանավորվել է տարիներ շարունակ այդ նպատակով 1.5 մլրդ դոլարի ներդրում կատարել:
Բանկի հրաապարակած տվյալների համաձայն՝ տարածաշրջանի այլ երկրներում 2023-ին կատարվել է 800 մլն եվրոյի ներդրում, որը միայն Թուրքիայում կատարված ներդրումներ 30 տոկոսից մի փոքր ավելին է կազմում:
Բացի հետերկրաշարժյան ֆինանսավորումից, ֆինանսավորվել է նաև ընդհանուր առմամբ 48 ծրագիր: Ներդրումների 91 տոկոսը կատարվել է մասնավոր սեկտորում, որի 58 տոկոսը կանաչ տնտեսության ոլորտին է ուղղվել:
Նշենք, որ EBRD-ը 2009-ին ընդհանուր առմամբ 19 մլրդ եվրո արժողությամբ 439 ծրագիր է ֆինանսավորել Թուրքիայում, որի մեծամասնությունը՝ 93 տոկոսը, կրկին կազմել է մասնավոր սեկտորը: