Գյումրու չոր նավահանգիստը կլինի «խաղաղության խաչմերուկի» բաղադրիչներից մեկը. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ Վերին Լարսում գլոբալ խնդիր չկա, պարզապես ձմեռ է, ճանապարհը փակվում ու բացվում է։

«Մեկ-երկու օր բեռնատարները կարող է սպասեն, բայց ձմռան համար անցանելիությունը գտնվում է նորմալ մակարդակի վրա։ Բնականաբար, այս սպասելը խնդիր առաջացնում է, լավ կլիներ, որ սահուն անցնեին, բայց համեմատած մյուս տարիների հետ, երբ 10, 20, մինչև 30 օր Լարսը փակ էր, այս պահին նման խնդիր չունենք»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարը։

Լրագրողների դիտարկմանը, որ նախարարի գործընկերները զարմացել էին, քանի որ չէին լսել «Սեպուհ-1» հայկական արտադրության մեքենաների մասին, ինչո՞վ է այդ ամենը պայմանավորված, Վահան Քերոբյանն ասաց, որ դրա մասին մի քանի անգամ խոսել են։

«Կառավարության նիստում ես այսօր ներկայացրեցի  մեր տնտեսության արդիականացման ծրագիրը, որի ներքո 3593 ընկերություն դեկտեմբերի 31-ի դրությամբ օգտվել են մեր ծրագրից և թարմացրել իր սարքավորումները, հոսքագծերը։ Այս բոլոր ընկերություններն աշխատում են հաջողությամբ։

Կարդացեք նաև

Արտադրվել է 8 հատ «Սեպուհ-1» մեքենա, ես գիտեմ, որ ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրումների հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆրանսիական ներդրումների, փորձում են լուծել, որպեսզի անցնեն հոսաքագծային ներդրումներին»,- հավելեց Վահան Քերոբյանը։

Նախարարը դժվարացավ ասել, այդ մեքենաները լա՞վն են, թե՞ ոչ, նշելով, որ չի վարել։

Ինչ վերաբերում է Գյումրու չոր նավահանգստին, Վահան Քերոբյանը փոխանցեց, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել հանրային ներդրումային կոմիտեի նիստը, որի ընթացքում հաստատվել է չոր նավահանգստի տեխնիկատնտեսական խոր վերլուծությունը։

«Վարչապետը հանձնարարեց ձևավորել ճանապարհային քարտեզ և արդեն սկսել իրագործումը։ Պետք է նաև նշեմ, որ քննարկվեց ու ձեռք բերվեց համաձայնություն, որ չոր նավահանգիստը, որն ըստ էության համընկնում է «խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արևմտյան հանգույցի հետ, ներդրվի  «խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ և ներկայանա՝ որպես դրա բաղադրիչներից մեկը»,- եզրափակեց Էկոնոմիկայի նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս