Մեր ինքնությունը վտանգող նոր Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի անգամ մինչև հանրաքվեի դրվելը․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

Մայր Աթոռը քարոզչական աշխատանք է տանում՝ բարելավելու մարդկանց բարոյահոգեբանական վիճակը։ Գերագույն հոգևոր խորհրդի վերջին նիստերից մեկում խոր մտահոգություն ենք հայտնել խաղամոլության, թմրամոլության և այլ մոլությունների աճող ծավալների հարցում։ Եկեղեցու կյանքում ներգրավված հավատացյալների թիվը դեռևս անբավարար է, իսկ այդ պարագայում, ցավոք, միշտ չէ, որ եկեղեցու խոսքը հատու և ազդեցիկ է։ Քահանայից դասն ամենօրյա պայքար է մղում այս մոլությունների դեմ, բայց դա բավարար դրական արդյունք դեռևս չի տալիս։ Համագործակցություն է պետք տարբեր պատկան կառույցների, հասարակության և եկեղեցու միջև, քանի որ այդ մոլությունները մտահոգիչ են և արդեն անցել են մատաղ սերնդին։ Դրանք ոչ միայն մարդու առողջությանը, այլև բարոյահոգեբանական կերպարին և արժեհամակարգին են առնչվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

«Հասարակության զգոնությունը փորձում են թմրեցնել, բթացնել անվտանգության հարցերում։ Հունահռոմեական կայսրերը ևս այդպես էին վարվում՝ հանրության համար կազմակերպում էին գլադիատորական մարտեր, այդ ընթացքում անգամ անվճար հաց էին բաժանում։ Երկրորդական խնդիրներով, հասարակությանը մոլությունների մեջ ազատություն տալով, աչք փակելով, խոցոտելով դրանց դիմադարձող կառույցներին՝ ցանկանում են շեղել հանրության ուշադրությունն առավել կարևոր խնդիրներից։ Տարիներ առաջ մի անհաջող շարժում սկսվեց, որն ուղղորդվում էր անհայտ ուժերի կողմից, այն հակաեկեղեցական էր և ուղղված էր Մայր Աթոռի և Վեհափառի դեմ։ Եկեղեցու դեմ արված ցանկացած գործողություն նույնն է, ինչ հայ ժողովրդի և պետականության դեմ արված քայլերը։ Եկեղեցին միակ համազգային կառույցն է, որը զորավիգ ու աջակից է հայոց պետականությանը»,- ասաց հոգևորականը:

«Դարեր շարունակ պետականության քաղցր բեռն ու ծանր լուծը եկեղեցին է իր ուսերին առել։ Եկեղեցին թուլացնել՝ նշանակում է թուլացնել պետականությունը։ Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել Հայոց եկեղեցու պատմության դասընթացը հանելու հարցի շուրջ։ Իրականում այն նույնիսկ չի ինտեգրվել Հայոց պատմության դասընթացին և արտացոլված չէ դասագրքերում։ Այդկերպ կարելի էր նաև հայ գրականությունն ու այլ դասընթացներն ինտեգրել Հայոց պատմության դասընթացի մեջ։ Առարկան այս մեկուկես տասնամյակում կայացել էր։ Անգամ պահպանված թեմաներն են սխալաշատ, և դա վկայում է այս ամենի թիկունքում կանգնած ուժերի իրական նպատակների մասին»,- նշեց Տեր հայրը:

Քահանայի կարծիքով՝ կա մտահոգություն, որ առկա զարգացումների ֆոնին նոր Սահմանադրության ընդունման դեպքում այս իշխանությունը կփորձի վերանայել Հայ եկեղեցու բացառիկ դերը. «Հարանվանությունների հայտարարությունները՝ իբր ի սատարումն եկեղեցու, իրականում խայծ են, սթափ հավատացյալները չեն կարող այդ խայծը կուլ տալ։ Նոր սահմանադրության ընդունումը կբացահայտի այս իշխանության միտումները մեր ինքնությանն ու անվտանգային համակարգին վերաբերող հարցերում։ ժողովուրդը պիտի սթափ լինի, այդ նախագիծը պիտի լայն հանրային քննարկման դրվի։ Նոր սահմանադրության մեջ նախատեսված դրույթները պիտի մերժվեն անգամ մինչև քվեարկությունը»:

«Վեհափառ Հայրապետը Սուրբ Ծննդյան իր քարոզում անդրադարձավ Արցախին, և դա նորություն չէր։ Դրանից ամիսներ առաջ նա ասել էր, թե չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Մեզ համար անցյալ չէ ոչ միայն Արցախը, այլև Արևմտյան Հայաստանը։ Մեր բնօրրանի որևէ մասնիկ չի կարող մեզ համար անցյալ դառնալ։ Մենք շարունակում ենք պահանջատեր լինել Արցախի և մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքների նկատմամբ։ Արցախի թեմը չլուծարելու քայլը միտված է հենց դրան»,- ամփոփեց Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս