«Գուգլն» Իշխանասարը ներկայացրել է ադրբեջանական անվանումով, հայ օգտատերերի «ռեփորթներից» հետո՝ փոխել հայկականով

Համացանցում երեկ շատ օգտատերեր աղմուկ բարձրացրեցին, որ «Գուգլ» որոնման համակարգում Սյունիքի մարզի Իշխանասարի անունը գրելիս, նկատել են, որ բնակավայրը գրանցված է ադրբեջանական անվանումով և գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Ծավալված քննարկումների արդյունքում օգտատերերը միմյանց խորհուրդ էին տալիս, որ «ռեփորթ» գրեն գուգլի պատասխանատուներին, որպեսզի Իշխանասարի ադրբեջանական անվանումը փոխեն հայկականով։

168.am տեսանյութում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսելով այս թեմայի շուրջ, ասաց, որ «Գուգլն» օգտագործում է  Խորհրդային Միության քարտեզները, քանի որ սահմանը փաստացի անհասկանալի է եղել՝ հիմքում դրել են հին քարտեզները։

«Կոնկրետ այս դեպքը շատ բարդ է, քանի որ Իշխանասարը քարտեզով ցույց է տալիս Ադրբեջանի տարածքում։ Այսպիսով՝ այդ որոնման համակարգը վերցրել ու Ադրբեջանի կողմից տեղադրված անունն են օգտագործում։

Կարդացեք նաև

Նման հարցերի մեծ մասը «ռեփորթներով» լուծվում են՝ արագ, թե դանդաղ։ Իհարկե, կան նաև տարբեր հարցեր, որոնց շուրջ պետությունը պետք է աշխատի «Գուգլի» հետ։ Այսինքն՝ հարցի լուծումն ունի այս երկու տարբերակը, այլ ձև չկա»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Հարցին՝ «Գուգլն» անունների ճիշտ տարբերակը ցուցադրելու համար անաչա՞ռ է, թե՞ ադրբեջանական նավթադոլարները կարող են դրա վրա ազդել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, թե որոնման այդ համակարգն ունի մեծ բյուջե։

«Իմաստը ո՞րն է, որ «Գուգլը» կաշառվի։ Հարցը հետևյալն է, երբ իրենք ունենում են խնդրահարույց տարածքներ, որպես հիմք վերցնում են ինչ-որ մի բան, կոնկրետ այս դեպքում՝ հիմքը Խորհրդային Միության քարտեզներն են։ Կես տարին մեկ այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում, «Գուգլն» «անկլավները» ներկայացնում է՝ որպես Ադրբեջանի տարածք, նույնն էլ՝ Տավուշի որոշ տարածքներ։ Օրինակ, եթե նավիգատորը Թբիլիսիից Երևան եք տալիս, լուրջ խնդիրներ է տալիս, քանի որ փորձում է  շրջանցել այն տարածքները, որոնք ըստ քարտեզի՝ համարում է ադրբեջանական։ Գուցե պետական մակարդակով հնարավոր լինի բանակցել «Գուգլի» հետ։

Կոնկրետ տեղանունների առումով գործում է,  այսպես ասած, հանրության ձայնը, որքան մարդիկ շատ գրեն, որ տվյալ տեղանվան ճիշտ անվանումը սա է, «Գուգլն» այն շուտ կփոխի։

Այդ պայքարը մշտապես կա ամբողջ աշխարհում՝ միջկոնֆլիկտային հատվածներում»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Նշենք, որ այսօր արդեն Իշխանասար անունը որոնելիս, «Գուգլը» ցույց է տալիս հայկական անվանումով՝ հայ օգտատերի «ռեփորթների» շնորհիվ։

Տեսանյութեր

Լրահոս