
Իրանը հայտարարել է Պակիստանի կողմից 3 ԱԹՍ օգտագործելու մասին

Իրանը հայտարարել է, որ Պակիստանի բանակը երեք անօդաչու թռչող սարք է կիրառել Իրանի Սարավան քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին տեղեկացրել է երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյան:
«Այդ հարձակումների արդյունքում ավերվել են չորս բնակելի տներ, սպանվել է մոտ 10 կին և երեխա»,-ասել է պաշտոնյան:
Զոհերը Պակիստանի քաղաքացիներ են: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես են նրանք բնակվել սահմանի իրանական կողմում։
«Այս հարձակման շարժառիթը քննության փուլում է, արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակներս», – ընդգծել է նա։
Պակիստանը Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում հարվածներ էր հասցրել: Հունվարի 16-ին Իրանն իր հերթին հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։