Գուցե Ալիևը գնում է պատերազմի, բայց մենք խաղաղության օրակարգը ձախողված չենք համարում. Արուսյակ Ջուլհակյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Ալիևի վերջին սպառնալից հայտարություններին և հարցին՝ արդյո՞ք սա չի ձախողում ՀՀ իշխանությունների բարձրաձայնած խաղաղության օրակարգը, ասաց՝ խաղաղության օրակարգը հենց սկզբում էլ բարդ է եղել, այն խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանից դուրս, թե՛ Հայաստանի ներսում։
«Մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, մենք սրանով ենք առաջ շարժվելու։ Մենք ամենասկզբում էլ հստակ հասկացել ենք ու մեր ժողովրդին էլ հստակ փոխանցել ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, և հիմա էլ հանդիպում ենք դրան՝ հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Մենք կիսում ենք վարչապետի այն հույսը, որ ըստ էության սա փորձ չէ Ալիևի կողմից փակուղի տանել խաղաղության օրակարգը։
Անգամ, եթե սա Ադրբեջանի կողմից փորձ է խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որևէ կերպ մեզ հետ չի պահելու մեր օրակարգից։ Խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է, իսկ Հայաստանը պատերազմի օրակարգ չունի»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը։
Լրագրողի հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Ալիևը պատերազմի օրակարգ չունի՞, Արթուր Հովհաննիսյանի փոխարեն՝ պատասխանեց իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Ջուլհակյանը, շեշտելով, որ անշնորհակալ գործ է Ալիևի օրակարգերը մեկնաբանելը։
«Ալիևը, իհարկե, կարող է ունենալ պատերազմի օրակարգ, կարող է ունենալ նախընտրական շրջանում աքլորանալու օրակարգ, այսինքն՝ ցանկացած օրակարգ կարող է ունենալ։ Բայց այստեղ կարևոր է, թե մեզ ինչն է հետաքրքրում՝ հիմա ՀՀ շահից է բխում խաղաղությունը և դրա համար առաջ ենք բերել խաղաղության օրակարգը։ Դնելու ենք բոլոր ջանքերն այդ օրակարգով առաջ շարժվելու համար»,- նշեց Աուսյակ Ջուլհակյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում