ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով

  • ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։
  • Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին:
  • Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը միավորում են իրենց ջանքերը՝ տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու և Հայաստանում կապիտալի շուկան ուժեղացնելու նպատակով։

ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան բեկումնային քայլ են կատարել՝ միջարժութային առաջին ռեպո գործարքն իրականացնելով՝ Հայաստանում անվտանգ և ռազմավարական ֆինանսական գործարքների համար նոր սահման ձևավորելով։ Գործարքն իրականացվել է Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) համաձայն, որը երկու կազմակերպությունների միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսի 21-ին։

Այս նշանակալի գործարքը ՎԶԵԲ-ին թույլ տվեց գրավադրել բարձրորակ, ազատ իրացվելի արժույթով ակտիվներ և փոխարենը ստանալ տեղական արժույթով միջոցներ: Այս միջարժութային ռեպո համաձայնագիրը Ամունդի-Ակբայի համար ծառայում է որպես կենսաթոշակային ֆոնդի ակտիվների տեղաբաշխման ապահով եղանակ՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման իր հանձնառությանը համապատասխան։

ՎԶԵԲ-ի համար գործարքը հայկական դրամով (դրամ) արտահայտված, ներքին շուկայական դրույքաչափերով երկարաժամկետ միջոցներ է ապահովում՝ օգնելով ամրապնդել և դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները:

Տնտեսական առումով այն շատ կարևոր է, քանի որ ՎԶԵԲ-ը ձգտում է առավելագույնի հասցնել գործարքի ազդեցությունը: Միջոցները ռազմավարական կերպով նորից կներդրվեն իրական տնտեսությունում՝ նպաստելով կայուն զարգացման նպատակների իրականացմանը ։

«ՎԶԵԲ-ը շարունակում է ներդրումներ կատարել տեղական շուկայի ֆինանսական կարողությունների և «know-how»-ի համար՝ իր պորտֆեյլի կառավարման մեջ ներառելով պարզ, սակայն նորարարական գործիքներ։ Միջարժութային ռեպոն հավելյալ գործիք կհանդիսանա ՀՀ դրամով մեր ֆինանսավորման բազայի ընդլայնման և ամրապնդման համար»,- նշեց ՎԶԵԲ-ի տնօրենի տեղակալ, ավագ թրեյդեր Գուրսու Կելեսը։

«Սա ևս մեկ նորամուծություն է, որը մենք ներդնում ենք մեր ֆոնդերի կառավարման ընթացքում, որը հնարավորություն է տալիս Ամունդի-Աբային ավելի արդյունավետ կերպով տեղաբաշխել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը», – ասել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, որոնց կառավարման ներքո գտնվող ակտիվները գերազանցում են 400 մլրդ ՀՀ դրամը (900 մլն եվրո) 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ: Ընկերությունը հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդիի և Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Ակբա բանկի կողմից ։ Ամունդի-Ակբան ունի ֆոնդերի կառավարման տասնամյա փորձ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է համագործակցում Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հետ: Համաձայնագիրը տեղական արժույթով վարկեր ներգրավելու և Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է հանդիսանում: Նորարարական այս գործարքն ապահովում է տեղական արժույթով հուսալի իրացվելիություն՝ միաժամանակ տեղի վարկառուների համար նվազեցնելով  արտարժութային ռիսկերը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է․ ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Բանկը 210 նախագծերում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ներդրումների  91 տոկոսը՝ մասնավոր հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս