Արևմուտքից պարտադրված ընտրության հոտ եմ առնում. Նիկոլն իր էությամբ քանդող է. երբ 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կքանդի, նրան կփոխեն. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական անտիռեյտինգն ամենացածրն է, որ ունի խնդիր, և, որ Արևմուտքն ունի փոխարինող իրեն, և քանի որ իր համար կարևորն իր իշխանությունն է, «կախիչ» էժանագին շոուով փորձում է փրկել իր իշխանությունը, և դա կարճաժամկետ էֆեկտ տալիս է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս նշեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հավանական է համարում:

«Ես էլ եմ արտահերթ ընտրության հոտ առնում, ընտրություն, որը պարտադրված է Արևմուտքից։ Նիկոլն այս պահին անկանխատեսելի է Արևմուտքի համար, հետևաբար՝ Արևմուտքին պետք է նոր ձևավորված իշխանություն, որտեղ ինքը կունենա «100 տոկոս կոնտրոլնի պակետ»։ Արևմուտքին, բնականաբար, դուր չի գալիս, որ Նիկոլը գնում է՝ ռուսական աստղը պաչում ու հետ գալիս։ Արևմուտքին պետք է կամ փոխել Նիկոլին, կամ սահմանափակել նրա իշխանությունը։ Ակնհայտ է, որ որքան էլ դիմեն կեղծիքներին, Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն չունի։ Հետևաբար՝ պետք է խաղացնեն Երևանի ավագանու սցենարը՝ Նիկոլին կպցնեն մի հակառուսական ուժի ու դամոկլյան սուրը կախեն նրա գլխին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, իր էությամբ կառուցող չէ, քանդող է։

Կարդացեք նաև

«Նրան բերել են 3-րդ Հանրապետության հիմքերը քանդելու համար։ Երբ կավարտի իր գործը, Արևմուտքը նրան կտա անվտանգության երաշխիքներ ու կփոխարինի արևմտյան կրթություն ստացած, ավելի խելացի, հավասարակշռված, հետագիծ ունեցող պայմանական Արմեն Գրիգորյանով կամ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանով, որոնք ավելի վտանգավոր են, որովհետև իրենց վրա է դրվելու Հայաստանի թուրքացման սցենարի իրագործումը։ Հայկ Մարությանին բացառում եմ, որովհետև Արևմուտքը չի կարող կուլ տալ այն, որ Մարությանը կանգնեց Հայ Առաքելական եկեղեցու կողքին։ Արևմուտքի թեկնածուն, կարծում եմ, Արմեն Գրիգորյանն է, ով նաև ծնունդով արցախցի է։ Սրանով էլ Արևմուտքը կփորձի մեծ ապտակ հասցնել բոլորիս՝ արցախցու ձեռքով Արցախն Ադրբեջան ճանաչելով»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:

Նա հավելեց նաև, որ իշխանությանը հաջողվել է 2021թ.-ից հետո ստեղծել կեղծ ընդդիմադիր դաշտ, որոնք ավելի ապաքաղաքական են, ավելի ապազգային ու հակահիգիենիկ։

«Լիցենզիայով ընդդիմություն են։ 2021թ․ավելի հեշտ էր․ մի կողմում Նիկոլ Փաշինյանն էր, մյուսում՝ իրական ընդդիմադիր, ազգային ուժերը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս