Տիգրան Բալայանը ներկայացրել է ՀՀ-ի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ

Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը, որին ներկա էին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, քաղաքական և անվտանգային կոմիտեի դեսպաններ, Եվրահանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից՝ հանդիպումը կազմակերպվել էր ԵՄ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Իոանիս Վրաիլասի կողմից և շարունակությունն էր 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությանը։

Քննարկման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հեռանկարների վերաբերյալ՝ ի հաջորդումն ԵՄ խորհրդի որոշումների։

Նա անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված գաղափարներին և առաջարկություններին, որոնք կծառայեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները որակապես նոր մակարդակ տեղափոխելու վերջնանպատակին։

Հանդիպման մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի բարեփոխումների ու խաղաղության օրակարգին և խոստացել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը։

Իր ներածական խոսքի և հարց ու պատասխանի ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ։

ՀՀ դեսպանը մանրամասնել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման պատճառներն ու հետևանքները՝ շեշտելով Բաքվում արմատացած անպատժելիության զգացումը, որն էլ ավելի ակնառու դարձավ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի զավթողական, սպառնալից և սադրիչ հայտարարությունների շնորհիվ, որոնք լի էին առանց այդ էլ փխրուն իրավիճակն ապակայունացնելու վտանգներով։

Տեսանյութեր

Լրահոս