«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում
Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքի առաջին հատվածում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը շեշտը կդնի տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ երկրորդ հատվածում՝ տակտիկա-տեխնիկական պատրաստվածության վրա, կանցկացնեն ստուգողական հանդիպումներ:
«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, և թե՛այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են: Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել»,-ասել է Արթուր Սողոմոնյանը՝ առաջիկա հավաքի մասին:
Երևանյան թիմը մեկնել է արձակուրդի՝ առաջնության առաջատարի կարգավիճակով ու այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի ընդդեմ «Արարատ-Արմենիայի»: