Այդ ո՞ւր, Մակինտոշ, առանց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի. Նիկոլ Փաշինյանի շոուի մեջ գլխավոր դերակատար է պակասում
Նախորդ շաբաթն առանձնացավ Նիկոլ Փաշինյանի մարզային գաստրոլներով ու նրա կողմից «սանտեխնիկ» օպերացիայի իրականացմամբ: Ըստ էության նրան հաջողվեց հերթական անգամ հասնել իր նպատակին՝ հասարակությանը շեղելով իրական օրակարգերից: Անշուշտ, այստեղ Փաշինյանն անգերազանցելի է. մեծ տաղանդ է պետք ցնցուղը քանդելու ու այն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) կին նախարարի ձեռքը տալու համար ուղեկցող տեքստով՝ գնացեք, տեսեք՝ ինչքան է գրված փաստաթղթերում ու ինչքան է նրա իրական գինը:
Ի դեպ, փոխանակ այդօրինակ ստորացումից հետո ԿԳՄՍ նախարարը գոնե իր համար եզրակացություն աներ, չենք ասում՝ կոնկրետ քայլերի դիմեր, ինչը, բնականաբար, չէր անի՝ դատելով նրա վախեցած տեսքից, այլ գոնե իր մեջ որոշակի հարցերի պատասխաններ փնտրեր, այսօր նա հրաժարվեց իր սեփական ազգանունից:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ «Ուշադի՛ր նայեք տեսանյութը. Այդ հանձնարարությունն ինձ չի ուղղված»:
«Կախիչ» շոուն, որը, չի բացառվում՝ բավականին մանրակրկիտ մշակված էր, դարձավ Արմավիրի ու Լոռու մարզպետների, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնանկության պատճառ:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, նախորդ տարի Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջակիզված 15 զինվորների ողբերգական դեպքից հետո որևէ մեկը պաշտոնանկ չարվեց:
Ուշագրավ է, որ այս շոուն բեմադրելու ու իրականացնելու ընթացքում անտեսվեց ձկան գլուխը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որովհետև եթե իսկապես այդ պաշտոնանկությունները վատ կատարված աշխատանքի արդյունք էին, ապա ինչո՞ւ որևէ կերպ չշրջանառվեց Տիգրան Խաչատրյանի անունը, ով Փաշինյանի կողմից կառուցվող կամ վերակառուցվող դպրոցների և մանկապարտեզների՝ անձամբ ստուգելու իրական մեղավորներից է, իսկ գործընթացը հետևանք է անարդյունավետ կառավարման։
Այսպես, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում ամրագրված է, որ Կառավարությունը նախատեսում է մինչև 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
Այս գործընթացի (300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և հիմնանորոգման) համակարգումը վերապահված է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ինչը նրա և իր գրասենյակի, ըստ էության, միակ լուրջ գործառույթն է, քանի որ Տիգրան Խաչատրյանը, մեծ հաշվով, զբաղված է իր գործառույթների պատվիրակմամբ։
Այլ կերպ ասած՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրեն վերապահված գործառույթները գեղեցիկ և սահուն կերպով բրթում է այլ գերատեսչությունների՝ նախարարությունների, կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմինների վրա։ Սրա մասին մանրամասներ կներկայացնենք մեկ այլ առիթով:
Փաստացի փոխվարչապետ Խաչատրյանը ցանկանում է ազատվել նաև 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքների համակարգումից, սակայն այն իր վրայից ցրել չի կարողանում, որովհետև 168.am-ի տեղեկություններով՝ նախ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենից է պահանջում և շատ հաճախ մեյլային նամակագրությամբ «օդ հանում» Խաչատրյանին՝ համակարգման կարողությունների բացակայության համար, և երկրորդ՝ այս բազմակոմպոնենտ հարցը պահանջում է տարբեր նախարարությունների և մարմինների աշխատանքների ներդաշնակեցում, որը, սակայն, փոխվարչապետ Խաչատրյանը, փաստորեն, փառահեղորեն տապալել է։
Հիմա հարց՝ էդ ո՞նց եղավ, որ ձկան գլխին ոչինչ չեղավ, ինչպե՞ս եղավ, որ 2 մարզպետ ու մեկ նախարար պաշտոնազրկվեցին, բայց գործընթացը համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողքով քամի չանցավ, այն Տիգրան Խաչատրյանի, ով 44-օրյա պատերազմից հետո հնարավոր իշխանափոխության վտանգի հոտն առնելով՝ 2020թ. «թռել» էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, որտեղ ևս ամեն ինչ հետևողականորեն ձախողել էր։
Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը կարող էր իր համար գերակա համարվող ոլորտներից մեկի համակարգումը վերապահել ամեն ինչ հետևողականորեն տապալող Տիգրան Խաչատրյանին։
Ի դեպ, կառավարությունում կատակում են՝ Տիգրան Խաչատրյանն անգամ իր գրասենյակը չի կարողացել համալրել բարձրորակ կադրերով, որտեղ աշխատավարձերն անհամեմատ բարձր են։
Ըստ էության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում այժմ աշխատում են միջինից ցածր որակավորում ունեցող անձինք, քանի որ բարձր որակավորում ունեցող անձինք, 168.am-ի տեղեկություններով՝ հրաժարվում են աշխատել ամեն ինչ ցրող փոխվարչապետի սթաֆում։
Գուցե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Խաչատրյանն այս ոլորտի համակարգումը տապալելու է, և փորձում է Խաչատրյանի անփառունակ գործունեության հաշվին հերթական շոուն և սեփական PR-ն իրականացնել։
Մի կարևոր հանգամանք ևս. Տիգրան Խաչատրյանի նկատմամբ Փաշինյանի «դաբրոն» պայմանավորված է ԱԺ ՔՊ-ական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բարձր հովանիով: Այլ կերպ ասած, ինչպես մերձիշխանական միջավայրում բոլորին է հայտնի, Տիգրան Խաչատրյանի կուրատորը Խաչատուր Սուքիասյանն է: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչպես է Խաչատրյանին հաջողվում «պլստալ»: