«15 օր որդուցս լուր չունեի, նրա մոտ կինոժապավենի նման իր ընկերների զոհվելն է պտտվում». 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Երեմը զույգ երեխաներ է  ունեցել

2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից Երեմ Ալլաղյանը 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ժամկետային զինծառայողը պատերազմում վիրավորում է ստացել, կորցրել է ծառայակից ընկերների, հրամանատարների, տեսել նրանց զոհվելը։ Վիրավորում ստանալուց հետո Երեմի ընտանիքը նրանից 15 օր շարունակ լուր չի ունեցել, նա համարվել է անհետ կորած, միայն 15 օր հետո է հաջողվել նրան գտնել, որից հետո նա կապ է հաստատել ընտանիքի հետ։

Պատերազմից հետո Երեմը նախընտրել է շարունակել ծառայությունը, իսկ զորացրվելուց հետո վերադառնալով հայրենի Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ, ամուսնացել է։ Դեկտեմբերի 31-ին ծնվել են Երեմի առաջնեկները՝ Նվարդը և Էդուարդը։

Երեմի կինը՝ Անժելան, 18 տարեկան է, ասում է՝ շուտ է ամուսնացել, Երեմի հետ հանդիպելուց հետո հասկացել են, որ սիրում են իրար, ու որոշել են շուտ ամուսնանալ։ Ամանորին զույգ երեխաներ ունենալն Անժելան հրաշք է համարում, հատկապես, որ հղիության ընթացքը շատ ծանր է եղել, ու երեխաներին կորցնելու վտանգը մեծ է եղել։

Երեխաները ծնվել են 8 ամսականում։

«Չէի պատկերացնում, որ երեխաներն այդքան շուտ կծնվեն, մեր երեխաների հետ կապված մեծ նպատակներ կան, բայց դուրս գրվենք, դրանից հետո արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Իհարկե, դժվարությունները շատ մեծ են, բայց քանի որ ունեմ լավ սկեսուր, ինձ ամեն հարցում կօգնի, դժվարությունները կհաղթահարենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անժելան։

Երեմի մայրիկի՝ տիկին Նվարդի համար որդու զույգ երեխաների ծնունդն իր կյանքի երկրորդ հրաշքն է, առաջինը՝ որդուց 15 օր լուր չունենալուց հետո առաջին զանգն էր, որ որդին ողջ է։ Ասում է՝ շատ հուզված է։

«Ես ուրախ եմ, հուզված, նաև շատ հպարտ եմ, որ պատերազմի մասնակցի մայր եմ։ Այդքան դժվարություններ հաղթահարած… չեմ պատկերացնում միանգամից երկու բալիկի լույս աշխարհ գալը։ Ինձ շատ հարուստ եմ զգում, այն զգացողությունները, որոնք հիմա ունեմ՝ բառերով բացատրելու չեն։ Ուրախ եմ, որ որդիս ողջ է, երջանկությունս կրկնապատկվել է, որ նա զույգ երեխաներ է ունեցել։

15 օր որդուցս լուր չունեի, երբ ձայնը լսեցի՝ ուրախությունից վատացա։ Որդուս զորամասի մոտ պայթյուն է եղել, որդիս կանտուզիա է ստացել, դրանից հետո 15 օր որդուցս լուր չեմ ունեցել, հետո արդեն ինձ զանգահարել է։ Որդուս մոտ կինոժապավենի նման իր ընկերների, հրամանատարների վիրավորելն ու զոհվելն է պտտվում, չի կարողանում մոռանալ»,- հուզված պատմեց Նվարդ Սարդարյանը։

Տիկին Նվարդն ունի 6 երեխա՝ 3 տղա, 3 աղջիկ, մեծ տղան սպա է, ծառայել է Արցախում, արցախահայության բռնի տեղահանվելուց հետո կորցրել է աշխատանքը։

Բազմանդամ ընտանիքը դժվարությամբ է օրվա հացը վաստակում, ապրում են բարեկամի տանը, սեփականություն չունեն։ Վիրավորում ստացած Երեմ Ալլաղյանն էլ հաշմանդամության որևէ կարգ չունի։

«Տղաներս ուժեղ են, մի բան կանենք, տուն կստեղծենք, հույսով ենք ապրում։

Ազատամուտում առայժմ որևէ վտանգավոր բան չկա, բայց եթե պատերազմ լինի, շատ վտանգավոր է լինելու»,- եզրափակեց Նվարդ Սարդարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս