Իրաքում հայտարարել են, որ երկրում միջազգային կոալիցիայի ներկայությունն այլևս արդարացված չէ
Իրաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության համար արդարացումները սպառվել են, և Բաղդադը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությունն ավարտելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանին։
«Կառավարությունը հաստատում է իր վճռական դիրքորոշումը երկրում միջազգային կոալիցիայի ներկայության դադարեցման վերաբերյալ այն բանից հետո, երբ դրա համար ավարտվել են արդարացումները», – ասել է աս Սուդանին։
Իրաքի վարչապետը նշել է, որ երկրի իշխանություններն այժմ «որոշում են բանակցությունների մեկնարկի ժամկետը երկկողմ կոմիտեի շրջանակներում, որն ստեղծվել է՝ մշակելու Իրաքում կոալիցիոն ուժերի ներկայության դադարեցման միջոցներ»։
Աս Սուդանին դատապարտել է կոալիցիոն ուժերի վերջին հարձակումներն «Ալ Հաշդ աշ Շաաբի» ժողովրդական աշխարհազորի ջոկատների դիրքերի վրա, որոնք, նրա խոսքով, «պետությանը ենթակա պաշտոնական կազմավորումներ են և իրաքյան բանակի անբաժանելի մասը»:
Հունվարի 4-ին Բաղդադում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է շիաների «Հեզբոլլահ ան Նուջաբա» շարժման հրամանատարներից մեկը` Աբու Թակվան, վիրավորվել` ևս վեց մարդ։ Աբու Թակվան գլխավորում էր շարժման 12-րդ բրիգադը, ինչպես նաև շիաների իրաքյան «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի կողմնակիցն էր:
Դեկտեմբերի 26-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրաքի տարածքում շիաների «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա հարձակումների։ Իրաքի կառավարությունն այդ ժամանակ ԱՄՆ զինված ուժերի հարվածները հանրապետության թիրախներին գնահատեց որպես թշնամական գործողություն, որը խախտում է երկրի ինքնիշխանությունը: