Ադրբեջանական գա՞զ, թե՞ Հայաստանի բլոկադա. ինչի՞ է ձգտում ՔՊ-ն

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո: Այդ մասին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Խորհրդային ժամանակներում մենք մեր գազը ստանում էինք Ադրբեջանից՝ Ադրբեջանից երեք հսկայական խողովակաշարերի միջոցով, և այժմ կարող ենք վերականգնել դրանք, եթե այլևս քաղաքական խնդիրներ չլինեն մեր երկրների միջև»,- հնչեցրած տեսակետը պարզաբանել էր փոխնախարարը։

Ավելի ուշ Ադրբեջանից գազ գնելու հավանականության և դրա դրական ազդեցության մասին էր խոսել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, որ ժամանակ առ ժամանակ ակտիվության նշաններ է ցույց տալիս: Նա հարցազրույցներից մեկում հարց էր ուղղել. «Ուրախ չե՞ք լինի, եթե ՀՀ կոնյակն Ադրբեջանում վաճառվի, ես ուրախ կլինեմ գազ վաճառի՝ կգնենք, ի՞նչ տարբերություն»։

Ինչո՞ւ են Փաշինյանի իշխանությանը սպասարկողները խոսում Ադրբեջանից գազ գնելու հավանականության մասին, երբ նույն Ադրբեջանն Արցախը զրկել էր գազից՝ անգամ ձմռան սառնամանիքին, և գազատարի վրա դրված փականն օգտագործում էր՝ շրջափակման մեջ գտնվող արցախցիների առանց այն էլ ծանր պայմաններն էլ ավելի ցցուն դարձնելու համար. 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկել ենք «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի և «Աբովյան Time» հաղորդման հեղինակ, վերլուծաբան Արման Աբովյանի հետ։

Կարդացեք նաև

Սերգեյ Մելքոնյանի համար Հայաստանի կողմից ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու սցենարն ուղիղ ճանապարհ է դեպի ցեղասպանություն։

«Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է տնտեսապես կախված լինել Թուրքիայից և Ադրբեջանից, ինչպես, օրինակ, Վրաստանն է, չէ՞ որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պատրաստ չեն տեսնել Հայաստան՝ քաղաքական քարտեզում։ Այդ երկրների համար չկա հայ՝ չկա խնդիր։ Դա մենք տեսել ենք Նախիջևանում, դրանից առաջ՝ Արևմտյան Հայաստանում, հիմա՝ Արցախում, հետևապես՝ ինչո՞վ է Հայաստանն այդ առումով բացառություն, չեմ պատկերացնում։ Երբ ինձ ասում են, որ պետք է լինենք Ռուսաստանից անկախ, ինչը նշանակում է՝ ուժեղացնենք մեր կախվածությունը Թուրքիայից, ես դա համարում եմ ուղիղ ճանապարհ՝ դեպի ցեղասպանություն»,- ասաց Մեքոնյանը։

Ադրբեջանական գազն ամբողջությամբ քաղաքական նպատակով օգտագործելու համատեքստում վերլուծաբան Արման Աբովյանն առաջարկեց հարց ուղղել Ադրբեջանից գազ գնել ցանկացող Հայաստանի իշխանությանը՝ եթե դա լավ բան էր, ինչո՞ւ դա չէիք անում նախկինում (նկատի ունի՝ մինչև Արցախի հանձնումը.- Ա.Ս.)։

«Ադրբեջանից գազ գնելը լավ բան կլիներ, եթե Ադրբեջանը նպատակ չդներ հային ոչնչացնել ու տիրանալ նրա տանը։ Ադրբեջանից գազ գնելը լավ բան համարողներին հարց ունեմ՝ ինչո՞ւ նախկինում նման բան չէիք անում, չէ՞ որ մեղավորը մենք չենք, որ դիմադրում ենք այն դեպքում, երբ մեզ ուզում են ոչնչացնել…»,- ասաց Աբովյանը՝ Հայաստանում ադրբեջանական գազին սպասողներին հիշեցնելով՝ Ադրբեջանի՝ հայի հետ հաշտվելու միակ պայմանը հայի չլինելն է, իսկ ով պնդում է հակառակը, կա՛մ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, կամ ապուշ է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս