2023թ. ընթացքում պահպանվեց աշխարհաքաղաքական անորոշությունը, սակայն տրվեցին նաև մի շարք «պատասխաններ»․ Լուկիանով
«Անցած տարին բավականին ծանր աշխարհաքաղաքական տարի էր, որը տվեց մի շարք պատասխաններ, սակայն ընդհանուր առմամբ պահպանեց անորոշությունն ու անկայունությունն աշխարհում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով 2023թ. աշխարհաքաղաքական զարգացումներին ու սպասելիքներին։
Նա նշեց, որ ինչպես և պետք էր ակնկալել նախորդ տարվա զարգացումներից, 2023թ. ևս հագեցած էր բավականին բուռն զարգացումներով, լարված էր, սակայն տվեց մի շարք հարցերի պատասխաններ։
Նա նշեց, որ հատկապես ծանր ու նոր էին այս տարի զարգացումները Մերձավոր Արևելքում Գազայի հակամարտության շուրջ, ինչպես նաև ԼՂ-ի սեպտեմբերյան դրամատիկ իրադարձությունները, երբ հայերը զանգվածաբար լքեցին իրենց բնակավայրերը՝ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն։
«Ոչ պակաս ուշագրավ էին զարգացումներն Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի շրջանակում։ Անցած տարի պարզ դարձավ, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ու Ուկրաինայի իշխանությունների ծրագրած, այսպես կոչված, հակահարձակման օպերացիան տապալվում է, որը վճռորոշ կետ դարձավ այս հակամարտությունում, քանի որ Արևմուտքում ավելի հաճախ են սկսել Ուկրաինային խորհուրդ տալ բանակցությունների ճանապարհով գնալ և համաձայնությունների գալ Ռուսաստանի հետ։ Այս մասին Ուկրաինայի իշխանություններն արդեն ուղիղ են խոսում, դժգոհություններ հայտնում՝ ինչպես Արևմուտքի քաղաքականությունից, այնպես էլ՝ այն սպառազինության քանակից, որն Արևմուտքը տրամադրում է, թեև Արևմուտքն իսկապես մեծ ռեսուրսներ ներդրեց Ուկրաինայում Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ հակահարձակման օպերացիան հաջողությամբ իրականացնելու համար։ Ռուսաստանն այս ընթացքում բեկումնային քայլեր չի արել, ավելի հանգիստ է հակադարձել բոլոր ճակատներում Արևմուտքի «հարձակումներին», և այդ մարտավարությունն իրեն արդարացրել է: Նրան, ինչին ձգտում էին ՌԴ հակառակորդները, չեն կարողանում հասնել, թեև, այնուամենայնիվ, շատ անսպասելի զարգացումներ ևս եղել են, ինչպես ՌԴ-Գերմանիա տնտեսական համագործակցության լիովին զրոյացումը, պատժամիջոցների հետևանքները»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Ըստ նրա, սպասվող տարվա ընթացքում այս ամենը շարունակվելու է։
Ռուսաստանի քաղաքականությունը, նրա խոսքով, իր դաշնակից և հարևան երկրների նկատմամբ ունեցել է երկու ուղղություն, որոնցից առաջինը և գլխավորը՝ գործնական, որը միտված էր լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են ստեղծված իրավիճակի պատճառով, ինչպես նաև ավելի պակաս վճռական ու ազդեցիկ քաղաքականություն՝ ռեսուրսների անբավարարության պատճառով։
«Այս ամենի ֆոնին այս երկրների կարևորությունն աճել է ՌԴ-ի համար, բայց արտասովորն այն է, որ չկա ռեսուրս այդ փաստին բավարար քաղաքական արձագանք տալու համար։ Հետսովետական տարածքում փոփոխությունները կշարունակվեն, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը նպաստեց, որպեսզի խնդիրները և փոփոխությունները խորանան, սակայն դրանք շատ ավելի վաղուց էին սկսվել։ Եվ այստեղ, ինչպես տեսնում ենք, Արևմուտքը լուրջ պայքար է մղում Ռուսաստանին դուրս բերելու նպատակով, Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը արևմտյան որևէ մայրաքաղաքում ստորագրելու նպատակով։ Սակայն, որքանով հասկանում եմ, բացի այդ համաձայնագրից՝ կան շատ հարցեր, որոնց պատասխանները չկան, թե ի՞նչ է սպասվում Ղարաբաղը լքած հայերին, արդյո՞ք նրանք ունենալու են հնարավորություն վերադառնալ, ի՞նչ երաշխիքներ և ո՞վ է տալու։ Հարցերը չափազանց շատ են, և թեև կա մեծ ցանկություն, սակայն բարդ է առաջ շարժվել առանց Ռուսաստանի»,- ասաց նա։