Ինչու Վասակ Սյունին պատմության դասագրքում դավաճան չի ներկայացվել. բացատրում է հեղինակը

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն։ Ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝ մամուլի ասուլիսում այս հայտարարությունն արեց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ դասագրքում կոնկրետ Ավարայրի ճակատամարտի հատվածում տվել է վերջին շրջանի գիտական ձևակերպումներ։ Դասագրքում Հովհաննիսյանը նշում է, որ Վասակ Սյունին և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճան ներկայացված չեն, ինչպես ընդունված էր նախկինում ։

«Ես այդպես եմ վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը։ Ես այս ճանապարհով եմ գնացել, և այստեղ պատմությունը բոլորովին խեղաթյուրված չէ, մանավանդ որ դա դրված է գիտական հիմքերի վրա»,–պարզաբանեց նա։

Նա հավելեց, որ դասագրքում նաև Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու հետ կապված առաջադրանքներ կան աշակերտների համար, օրինակ` որքանով են արդարացված Վարդան Մամիկոնին և Վասակ Սյունու մոտեցումները, հնարավոր էր խուսափել Ավարայրի ճակատամարտից, կամ ինչ կլիներ, եթե Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունին համագործակցեին։ Այդ առաջադրանքների պատասխանները կան ներկայացված տեքստում։

Ինչ վերաբերում է եկեղեցու դիտարկումներին, մասնավորապես 301 թվականին Հայ առաքելական եկեղեցու հաստատման վերաբերյալ, հեղինակը նշեց, որ որևէ դիտավորություն չեն ունեցել, և նման ձևակերպումը եղել է քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու համատեքստում։

«Բայց քանի որ տեքստը թյուրըմբռնումների և այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս, այդ հատվածը շտկել եմ, որ պաշտոնապես 301 թվականին հաստատվեց հայ առաքելական եկեղեցին»,–ասաց նա։

Մեկ այլ աղմկահարույց դիտարկումներից է 80–րդ էջում տեղադրված քարտեզը, որտեղ Տիգրան Մեծի թագավորության ժամանակ քարտեզում պատկերված է Ադրբեջանը։

«Իրականում սա ինտերակտիվ քարտեզի տեսքով է արված։ Տիգրան Մեծի կայսրությունը դրված է ժամանակակից քաղաքական քարտեզի վրա, որպեսզի երեխաները տեսնեն, թե այսօրվա ինչ տարածքների մասին է խոսք։ Այդ դեպքում կարող ես տեսնել, թե Տիգրան Մեծի կայսրությունն ինչ ընգրկվածություն է ունեցել»,–ասաց նա։
Հովհաննիսյանը հավելեց, որ հենց այդ քարտեզի օգնությամբ էլ աշակերտները կարող են հասկանալ, որ ներկայիս Ադրբեջանի զգալի մասը եղել է Տիգրան Մեծի կայսրության տարածք, և նաև երևում է, որ այդ ժամանակ ո՛չ Ադրբեջան է եղել, ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ այսօր գոյություն ունեցող շատ այլ պետություններ։

Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։

Տեսանյութեր

Լրահոս