Բաժիններ՝

Լուսավոր տոնի մութ կողմերը. ի՞նչ է արժեցել Երևանի ամանորյա ձևավորումը. ԱրմենիաSputnik

Երևանի 12 վարչական շրջաններից որոշները չեն մոռացել իրենց համայնքում ապրող արցախցի և անապահով երեխաների մասին։ Բայց քիչ չեն նաև սեփական բանկետների կազմակերպմամբ տարված վարչական ղեկավարները։ Այս մասին գրում է ԱրմենիաSputnik-ը։

Մայրաքաղաքի տոնական լուսավորությունն ու ամանորյա միջոցառումներն այս տարի շարքային երևանցիների գրպանին արժեցել են ավելի քան 320 մլն դրամ։ Sputnik Արմենիան ամանորյա տոնական ծախսերի վերաբերյալ հարցումներ է ուղարկել Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին, նաև զուգահեռ սեփական ուսումնասիրությունն անցկացրել պետգնումների կայքում հրապարակված համապատասխան պայմանագրերում։

Վերոհիշյալ 320 մլն-ից 202 406 000 դրամը Երևանի քաղաքապետարանը վճարել է «Սինեմարտ» ՍՊԸ – ին Հանրապետության հրապարակի միայն տոնական ձևավորման ու լուսավորության համար։ Համեմատության համար նշենք, որ նույն ընկերությունը նույն աշխատանքի դիմաց անցյալ տարի 191 006 000 դրամ էր ստացել։
Իսկ Հանրապետության հրապարակի և մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների տոնածառերի ու լուսավորման համար քաղաքապետարանը ևս 22 մլն դրամ էլ վճարել է «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին։

Լուսավոր տոնի մութ կողմը

Թե մայրաքաղաքի վարչական շրջանների տոնական ձևավորման կոնկրետ որ հատվածն է իրականացվել այդ 22 մլն–ի շրջանակում, դժվար է տարանջատել, քանի որ վարչական համայնքներից ամեն մեկը իր համար էլ առանձին գնումներ է կատարել` համայնքի տոնածառերի ու փողոցների ձևավորման նպատակով։

Մնացած 5 համայնքները տոնական ձևավորման վրա հավելյալ գումար չեն ծախսել։

Տասնյակ միլիոններ արժեցող փողոցային համերգներ ու մանկապարտեզի հանդեսներ

Որոշ վարչական շրջանների ղեկավարներ որոշել են համատեղել հաճելին օգտակարի հետ և ամանորյա ձևավորման ու լուսավորության հետ միաժամանակ նաև տոնական միջոցառում են պատվիրել կապալառու ընկերություններին։

Այս ծախսերի հարցում ռեկորդակիրը Նոր Նորք վարչական շրջանն է։ Համայնքի ղեկավարությունը փողոցների տոնական լուսավորության, Գայի արձանի հարակից տարածքում երգիչ-երգչուհիների, Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ համերգային ծրագրի կազմակերպման համար 30 մլն դրամ է ծախսել ։

Ավանի ղեկավարությունը 2 998 888 դրամով և՛ փողոցներն է տոնական տեսքի բերել, և՛ փողոցային 1 ժամանոց միջոցառում կազմակերպել, և՛ համայնքի բոլոր 7 մանկապարտեզներում հանդեսներ կազմակերպել:

Աջափնյակում բացօթյա միջոցառումն ու միջոցառման մասնակցից 200 երեխաների համար կոնֆետներով նվեր–փաթեթները արժեցել են ընդամենը 594 800 դրամ։

Կենտրոնի 21 մանկապարտեզներում հանդեսներն արժեցել են 634 000 դրամով, իսկ 3500 երեխաների նվերները` 4 725 000։ Եվս 392 000 դրամով էլ Կենտրոնի թաղապետարանը

Ամանորյա մանկական ներկայացման 400 տոմս է գնել երեխաների համար:

Դավթաշենի կենտրոնական այգում կազմակերպված ամանորյա միջոցառումը և համայնքի 5 մանկապարտեզների ու Ավետ Տերտերյանի արվեստի դպրոցի հանդեսները միասին գնահատվել են 1 774 000 դրամ։

Նուբարաշեն վարչական շրջանի մշակութային միջոցառումների կազմակերպման համար ծախսվել է 2 178 000 դրամ։

Էրեբունի համայնքում մանկապարտեզների միջոցառումներն ու 2800 երեխաների համար նվեր–քաղցրավենիքներն արժեցել են 3 080 000 դրամ։

Ո՞ւմ հաշվին է բանկետը

Երևանի վարչական շրջաններից մի քանիսի ղեկավարները, իհարկե, հոգացել են նաև իրենց ու իրենց աշխատակիցների ամանորյա տրամադրությունն ապահովելու մասին` բանկետներ, ֆուրշետներ, պարգևներ և այլն։

Աջափնյակ վարչական շրջանում 120 հոգանոց ֆուրշետը` համեմված 10 տարի հնեցմամբ բարձրակարգ կոնյակով, թաղապետարանի աշխատակիցներին պարգևատրելու համար գնված ձեռքի 5 ժամացույցներով արժեցել է 1 500 000 դրամ։

Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցներն ու համայնքային կազմակերպությունների տնօրենները (120 հոգի) Նոր Տարին նշելու են ռեստորանում` 1 944 000 դրամով։ Բարձր տրամադրությունն ապահովելու են 1 հանդիսավար և 5 երգիչ։

Նոր Նորքի թաղապետարանի ամանորյա հյուրասիրությանը Նոր Նորքի բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում մասնակցելու է 200 հոգի` 3 323 000 դրամով։

Ամենահամեստ միջոցառումը թերևս կազմակերպում է Էրեբունի համայնքի ղեկավարությունը։ Տարեվերջյան միջոցառումն անցկացվելու է թաղապետարանի դահլիճում։ Լինելու է փոքրիկ հյուրասիրություն, մի քանի աշխատակիցներ հուշանվերներ են ստանալու համայնքի ղեկավարի կողմից։ Եվ այդ ամենը 580 000 դրամով։

Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում նախապես որոշված է եղել աշխատակիցների համար ճոխ հյուրասիրություն կազմակերպել համայնքի բարձրակարգ ռեստորանում։ Արդեն նույնիսկ պայմանագիր էր կնքվել` 300 անձի համար` 2 786 000 դրամով, ճաշացանկ կազմվել։ Բայց, երբ տոնական ծախսերի հարցով դիմեցինք համայնքի ղեկավարությանը, մեզ քաղաքապետարանի միջոցով հայտնեցին, որ որոշել են իրենց փոխարեն ռեստորան ուղարկել համայնքում բնակություն հաստատած արցախցի ու անապահով ընտանիքների երեխաներին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս