Մի տարում 9,7 միլիոն դրամով անհիմն հարստացած ոստիկանը ատեստավորվեց․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․ «Մի տարում 9,7 միլիոն դրամով անհիմն հարստացած ոստիկանը ատեստավորվեց

Այսօր ոստիկանությունում շարունակվեց բաժինների պետերի ատեստավորումը, որի սահմաններում ՆԳՆ ծառայողների քվեների շնորհիվ ատեստավորվեց նաև Գյումրիի Կումարյիի բաժնի պետ, փոխգնդապետ Կարեն Գևորգյանը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ նա՝

1. Կնոջ հետ միասին 2023 թվականի ընթացքում, հայտարարագրված եկամուտներից զատ մոտ 9.7 միլիոն դրամի հարստացել են: Այսինքն, միայն 2022 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները առնվազն 25 հազար դոլարով պակաս են եղել հայտարարագրված ու ասված ծախսերի և գույգային դրության բարելավումից («օգնության» հասած բարձրաստիճան ոստիկանների հուշումով սկսեց ասել, որ այդ գումարը նվիրել են, բայց դա որևէ կերպ չկա իր հայտարարագրում):

2. 2022 թվականին իր կինը գնել է բնակարան, որը հայտարարագրում ներկայացրել է որպես նվիրատվություն: Այս դեպքի մասով, իրավաբանի կրթությամբ փոխգնդապետը պնդում է, որ բնակարանը չի գնել, նվեր է ստացել, բայց այդ նվերի դիմաց էլ 13 հազար դոլար է նվեր տվել իրենց տուն նվիրողին:

3. Իր 2016 թվականի Ford Escape մակնիշի մեքենան առնվազն 6 միլիոն դրամով (իր ասածով՝ 13-ից 15 հազար դոլար, 2021-ի փոխարժեքով) վաճառել է, բայց հայտարարագրում վաճառքի գինը գրել է 2 միլիոն դրամ:

Իսկ հետո վարչապետ Փաշինյանը զարմանում է, որ «գալիս, մեզ դիմում են խնդիրներով, ասում ենք, որ լուծում չկա, հետո գնում, «իրենց ձևերով» լուծում են… կաշառք են վերցնում ով որտեղ պատահի»: Բա ինչի՞ չվերցնեն, եթե անհիմն հարստացողները նույնիսկ ատեստավորվում են ու անցնում ավելի բարձր աշխատավարձի:

Հ.Գ. Այստեղ խնդիրը Կումարյիի բաժնի պետը չէ: Խնդիրն այն է, թե ոնց էին ատեստավորման հանձնաժողովի անդամ-ոստիկանները իրեն «հուշում», թե ինչպես «կռուտիտ» լինել «սորոսականների» հարցերից ու ինչպես էին այս բոլոր հանգամանքներով հանդերձ կողմ քվեարկում:

Հ.Հ.Գ. Այո, ապօրինի հարստացման հոդվածով հանցագործության մասին հաղորդումն ուղարկում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս