Վանիկը զոհվեց հերոսաբար՝ ընդամենը 2 օր տեսնելով իր նորածին դստերը
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճարտարի ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Վանիկ Հայրապետյանի որդիներն են` Հայկն ու Ռուբենը։ Ճարտարում թողած իրենց հեծանիվների փոխարենը նորերը նվիրեցի։
Մեծ եղբայրը՝ 16-ամյա Արենը, ով այդ պահին տանը չէր, այն տղան էր, ով 3 օր շարունակ մեքենան վարելով բազմանդամ ընտանիքին կարողացել էր Ճարտարից բերել Հայաստան։
Իրենց հայրենի Ճարտարը նաև հոր անձնազոհության շնորհիվ էր կանգուն մնացել։ Վանիկը զոհվեց հերոսաբար՝ ընդամենը 2 օր տեսնելով իր նորածին դստերը՝ Արիանային։
-Չգիտես ինչու, Վանիկն իր Արիանային պատկերացրել էր կապույտ աչքերով։ Ամեն օր մոտենում էր օրորոցին, որ տեսնի աչքերի գույնը, երեխայի աչքերն էլ՝ փակ էին լինում։ Այդպես էլ չտեսավ։ Վերջին օրով՝ ամսի 19-ին, եկավ տուն, ռացիան տանն էր մոռացել, վազելով մոտեցավ երեխուն, ասեց՝ էսքան վախտ պաչած չկամ, թող մի հատ պաչեմ, հետո գնամ։ Պաչեց ու գնաց, էդ գնալն էր, որ գնաց։ Վսյո»։
Արիանայի աչքերը բացվեցին մի քանի օրից։ Իրոք որ կապույտ էին։ Վանիկն արդեն չկար…»։