Մեկ անձ ընթացակարգով 10 գնում՝ մեկ օրում. ԱԳՆ-ի ներկայացուցչական ծախսերը
Շուրջ 70 պայմանագիր մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով. սա Արտաքին գործերի նախարարության դեկտեմբեր ամսի վերջին ցուցանիշն է՝ ըստ պետգնումների armeps համակարգի: Իսկ Հայաստանում, հիշեցնենք, պետական գնումների նախընտրելի տարբերակը մրցույթն է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միայն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, այդ ընթացակարգով 10 գնում է կատարել:
Նախարարությունը ներկայացուցչական ծախսերի մատուցման շուրջ 3.5 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ՍՊԸ-ի հետ՝ ձեռք բերելով կոնյակ, վիսկի և գինի:
Ի թիվս ներկայացուցչական ծախսերի՝ գերատեսչությունը 250.000 դրամանոց պայմանագրով «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ԲԲԸ-ից ձեռք է բերել հայկական զարդանախշերով շարֆեր, նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով նույն ընկերությունից ձեռք է բերել 2 ձեռագործ գորգ՝ ընդհանուր 700.000 դրամ արժողությամբ:
Շուրջ 1 միլիոն դրամ էլ բյուջեի վրա արժեցել են նախարարության ձեռք բերած մետաքսե փողկապներն ու շարֆերը, որոնք ձեռք են բերել «Արտույտ» ՓԲԸ-ից՝ նույն օրը կնքված երկու տարբեր պայմանագրերով:
Դարձյալ նույն օրը կնքված 4 տարբեր պայմանագրերով ԱԳՆ-ն ՝«Էյ Դաբլյու Այ Գրուպ»-ից ձեռք է բերել նաև ժամացույցներ՝ դրանց դիմաց ընդհանուր վճարելով շուրջ 2.5 միլիոն դրամ:
Հիշեցնենք՝ «Էյ Դաբլյու Այ Գրուպ»-ը «AWI»-ի իրավաբանական անվանումն է: Այս ընկերության իրական շահառուներից է նաև շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ և «Արմսվիսբանկի» սեփականատեր Վարդան Սերմաքեշը, որը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել նոր իշխանությունների հետ։
225.000 դրամ էլ արժեցել են արծաթյա ճարմանդները, որոնք նախարարությունը ձեռք է բերել Յակոբ Մոմճեան ԱՁ-ից:
Հետաքրքրական է, որ նախարարությունը մատակարար ընկերությունների հետ նույն օրը տարբեր պայմանագրեր է կնքել՝ հավանաբար այդպիսով հիմնավորելով իր մեկ անձից գնումները. ըստ օրենքի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (մեկ միլիոն ՀՀ դրամ):