Սպասում են Սերժ Սարգսյանի նախաձեռնության ապագա օգուտներին․ ԵԱՏՄ-Իրան լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը ոգևորում է հատկապես Պուտինին

Օրերս ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվեց ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Աբբաս Ալի-Աբադին:

Լիաֆորմատ համաձայնագիրը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին (տուրքերի նվազում ապրանքների սահմանափակ թվի համար): Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումների համաձայն՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկրների ապրանքաշրջանառությունն առաջիկա 5-7 տարիների ընթացքում կարող է հասնել 18-20 մլրդ դոլարի։

Մինչ համաձայնագրի ստորագրումը՝ ԵՏՀ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել էր, թե Իրանի համար սա առաջին համաձայնագիրն է ազատ առևտրի գոտու վերաբերյալ, և, որ այն մեծ հեռանկարներ է բացում, մասնավորապես, ՌԴ մատակարարների համար։ Նրանք ապրանքների 90%-ի մատակարարման համար արտոնյալ հասանելիություն կստանան, Սլեպնյովի խոսքով, դա ծածկում է դեպի Իրան ՌԴ-ի ներկայիս արտահանման ծավալների 99,2%-ը։ Նա տեղեկացրել էր նաև, որ տուրքերի միջին չափը ՌԴ մատակարարների համար համաձայնագրի ստորագրումից հետո կնվազի 30%-ից մինչև 4,5%, որը թույլ կտա արտահանման ներկայիս ծավալների պարագայում 380 մլն դոլար տնտեսել։

Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի կնքումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 25-ի նիստի առանցքային իրադարձությունն էր, որի մասին մեծ ոգևորությամբ խոսեց, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ելույթում շեշտը դնելով հենց այս իրադարձության ու ստորագրված համաձայնագրի ապագա օգուտների վրա։

Նա նշեց, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները հասանելիություն կստանան իրանական 90 միլիոնանոց շուկային:

ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակները հետաքրքրված են դրանով, քանի որ ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, և հիմա առևտրի պայմանները նկատելիորեն կբարելավվեն։

Նրա խոսքով` ակնհայտ է նաև, որ Իրանի հետ առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի գիտական և արտադրական համագործակցության համար։

ԵԱՏՄ հիմնադրման տասնամյակին Իրանի հետ այս համաձայնագիրը, ակնկալվում է, որ կդառնա ԵԱՏՄ տասնամյա պատմության ամենաառանցքային ձեռքբերումը։

Գուցե քչերը կհիշեն, որ համաձայնագիրը, որից ներկայումս մեծ ոգևորությամբ խոսում է ՌԴ նախագահ Պուտինը՝ հուսալով, որ այն կմեղմացնի այն տնտեսական կորուստները, որոնք կրում է Ռուսաստանն ուկրաինական պատերազմի հետևանքով, նախաձեռնել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ ԵԱՏՄ անդամակցությունից կարճ ժամանակ անց Սարգսյանն այս նախաձեռնության մասին խոսում էր թե հարցազրույցների, թե ԵԱՏՄ գագաթնաժողովների ընթացքում՝ պատրաստակամություն հայտնելով անձամբ նպաստել Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը։

«Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում»,- 2017 թվականին իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր Սերժ Սարգսյանը։

Այդ ժամանակաշրջանում փորձագետներն իրականում քիչ հավանական էին համարում այս հավակնոտ ծրագրի կյանքի կոչումը։

Տեսանյութեր

Լրահոս