Աշխարհաքաղաքական բարդ խաղ՝ կասկածելի արդյունքով․ Փաշինյանը փորձում է համադրել անհամադրելին և պահանջել ԵԱՏՄ-ից անհնարը

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա նախօրեին մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այն ամփոփեց ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրեց, որ այս տարի ԵԱՏՄ-ում էական արդյունքներ են արձանագրվել։ Առաջնորդները հաստատեցին մի քանի կարևոր որոշումներ և փաստաթղթեր, այդ թվում՝ մինչև 2030 թվականը միության հետագա զարգացման մասին հռչակագիրը, ապա՝ հետագա զարգացումը մինչև 2045 թվականը: Օրակարգում էր նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Ըստ ՌԴ նախագահի, այս փաստաթուղթը «շատ մեծ նշանակություն ունի պետությունների միջև հետագա տնտեսական կապերի զարգացման համատեքստում», ինչպես նաև ԵԱՏՄ-ի համար 90 մլն-անոց շուկա կբացվի, ինչը լուրջ իրադարձություն ու հանգրվան է ԵԱՏՄ զարգացման պատմության ընթացքում։

Այս նիստը և Փաշինյանի մասնակցությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ՀՀ իշխանություններն ամենաբացահայտ կերպով խոսում են հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը փոփոխելու, ինչպես նաև դեպի Արևմուտք ինտեգրվելու մասին՝ այդ ամենը զուգորդելով Ռուսաստանին ուղղված ամենատարբեր քննադատություններով։ Սրա հետ մեկտեղ՝ երկար ժամանակ ՀՀ իշխանությունները ՌԴ նախաձեռնած որևէ հանդիպման, հավաքի չեն մասնակցել, ըստ էության, բոյկոտելով ՌԴ նախաձեռնությունները։

Ավելին, ներկայումս այդ մասին խոսում են նույնիսկ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան օրերս Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ «Դա մի բան է, որը մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում: Նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն մեզ հետ ունեցած հարաբերություններում: Մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ կորոշվի մեր գործընկերների կողմից, որը, մեր կարծիքով, լավ է տարածաշրջանի կայունության համար: Դա մեզ համար շատ կարևոր է»,- ասել էր նա։

Սակայն ԵԱՏՄ-ում այլ կարծիքի են։ Օրինակ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունն իր դաշնակիցների հետ։

Նրա խոսքով, եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, ապա իրենք ՀՀ-ին կարող են և կորցնել։ «Բայց ես այն կարծիքին չեմ, թե հայերը հիմար մարդիկ են։ Նրանք խելացի մարդիկ են։ Այդ պատճառով էլ՝ ոչ, ես այդպիսի մտահոգություն չունեմ»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ հակառակ պարագայում Հայաստանին պարզապես «կօգտագործեն ու դեն կնետեն»։ «Կարծում եք՝ այդպիսի բան չի լինի՞։ Կլինի։ Դա նրանց (Արևմուտքի, ԱՄՆ-ի.- խմբ․) քաղաքականությունն է։ Իսկ հայերը խելացի ժողովուրդ են, խելացի մարդիկ են, նրանք հասկանում են, որ այդպես էլ կլինի»,- ասաց Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ Եվրոպան էական ոչնչով չի կարող օգնել Հայաստանին։

«Ո՞վ է նրանց՝ հայերին, օգնելու։ Եվրոպան, Ֆրանսիան փորձում են ինչ-որ բան անել, բայց դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում Ֆրանսիայում, այնտեղ սեփական խնդիրները դեռ պետք է լուծեն, հետո նոր «խցկվեն» Կովկաս»,- նշել է Պետերբուրգում Լուկաշենկոն։

Մինչ ԵԱՏՄ նիստը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվել Սանկտ Պետերբուրգում: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին ուղղված քննադատություններին, ասել էր, որ այս միջոցառումները լավ հնարավորություն են՝ հարցերը քննարկել աշխատանքային մթնոլորտում, ըստ էության Փաշինյանին հրավիրելով խնդիրները Պուտինի հետ տետ-ա-տետ քննարկելու։

Նիկոլ Փաշինյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում մի քանի շեշտադրում էր պարունակում, որի նպատակն էր՝ տարանջատել ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքականությունից։

Նա նշեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը։

«Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս, աշխարհաքաղաքական օրակարգ։

Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»,- ասաց Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս շեշտադրմանը և հարցերին՝ հնարավո՞ր է արդյոք տարանջատել տնտեսությունը քաղաքականությունից, ինչպե՞ս մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, ռուս քաղաքական, տնտեսական հարցերով վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Փաշինյանը փորձում է արտաքին քաղաքական բարդ խաղ խաղալ մի քանի ուղղությամբ։

Դա, նրա որակմամբ, բարդ է, քանի որ անհամատեղելի շատ կետեր է պարունակում, սակայն, ամենայն հավանականությամբ, նման ճանապարհ է ընտրվել այն պատճառով, որ Ադրբեջանի հետ միայնակ բանակցելը հայկական կողմի համար՝ մի իրավիճակում, երբ անընդհատ նորանոր պահանջներ են դրվում, անհնար է թվում, ՀՀ-ն ի վիճակի չէ դրան։

«Ռուսաստանի հետ մեծ հույսեր ՀՀ-ն չի կապում, չի ցանկանում կապել՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչում են ՀՀ իշխանությունների կողմից։ Երևանը մերձեցման լուրջ փորձեր է անում Վաշինգտոնի, Բրյուսելի ու Թեհրանի հետ։ Տեսնում ենք, որ այստեղ արդեն բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, քանի որ Թեհրանի հետ Երևանի մերձեցումը խնդիր է Արևմուտքի համար, իսկ Արևմուտքի հետ Երևանի մերձեցումը լուրջ խնդիր է Թեհրանի համար, և այդ մասին կան արդեն հայտարարություններ։ Սակայն Երևանում, ինչպես երևում է, սա են տեսնում՝ որպես հնարավոր ուղի, ինչը խնդրահարույց է առաջին հայացքից»,- ասաց Սիմոնովը։

Ըստ նրա, չնայած այցին Սանկտ Պետերբուրգ, դեպի Արևմուտք ՀՀ քաղաքականությունը շարունակվում է։

Սիմոնովի խոսքով, այս այցն առավելապես տնտեսության մասին է, քան քաղաքականության, թեև ռուսական կողմն այցը կօգտագործի քաղաքական հարցերը քննարկելու համար։

«ԵԱՏՄ-ում Հայաստանը շահեր ունի, Իրանի հետ նոր համաձայնագիրը ևս ՀՀ-ին էլ ավելի շատ է կապում ԵԱՏՄ-ին։ Փաշինյանի ելույթը նշանակում էր այն, որ ՀՀ-ն հետաքրքրված է տնտեսական համագործակցությամբ, որով ԵԱՏՄ-ն պետք է սահմանափակվի՝ չունենալով քաղաքական և աշխարհաքաղաքական «պարտավորություններ»։

Բայց իրականում այդպես չի լինում, քանի որ հնարավոր չէ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը և տնտեսությունը տարանջատել, ցուցաբերել ընտրովի մոտեցում։ Սա ևս բարդ կոմբինացիա է, որը փորձում են իրականացնել։ Սրա հաջողության հնարավորությունը ևս չափազանց բարդ է գնահատել, քանի որ այդպես չի լինում։ Միևնույն ժամանակ, կրկնեմ, որ մասամբ կարելի է նաև որոշակի առումով բացատրել սա՝ հաշվի առնելով Ադրբեջանի այն քաղաքականությունը, որը տարվում է Հայաստանի նկատմամբ, պահանջների անընդհատ նորանոր փուլեր, որոնք կարծես չեն դադարելու»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս