Բաժիններ՝

Այսօր մեր ժամանակների իրական հերոսի՝ Տարոն Անդրեասյանի ծննդյան օրն է

Այսօր մեր ժամանակների իրական հերոսի՝ Տարոն Անդրեասյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 30 տարեկան։

Անդրեասյանը՝ հայտնվելով ադրբեջանական շրջափակման մեջ ո՛չ միայն չի հանձնվել, այլ նախահարձակ է եղել և արժանապատիվ կռիվ տվել մինչև վերջ։

Հերոսի երկրային ծնունդը շնորհավորում ենք քաղաքագետ Էդգար Էլբակյանի ճշգրիտ մեկնաբանությամբ.

«Այս տագնապալիր օրերին շատերն են հարցնում՝ «հույս կա՞, թե՞ ամեն ինչ վերջացած ա»։ Իմ պատասխանը նույնն է։ Ամեն ինչ վերջացած է մեր հերոս Տարոն Անդրեասյանի առջևից կզած փախչող այս թուրքի համար։ Նա կենդանի է, քայլում է Երկրի վրա, բայց իր կռիվն ավարտվեց այն պահին, երբ Տարոնն իրեն ասեց՝ «вы все трусы», ու հաջորդ վայրկյանին ապացուցեց դա։ Տարոնը ֆիզիկապես չկա, ու այդ թուրքը երբեք չի կարող իրեն հակառակն ապացուցել, ուստի ապրելով հանդերձ՝ այդ թուրքի համար ամեն ինչ վերջացած է։

Քանի մենք ինքներս մեր մեջ չենք «կզել», ուրեմն ամեն ինչ ավարտված չէ, ինչպես 1918 թ․-ին Հայաստանն ստեղծողների համար ամեն ինչ ավարտված չէր, ու դրա շնորհիվ այսօր կանք մենք։ Ամեն ինչ ավարտված է նրա համար, ով այդպես է մտածում։ Եթե գիտես, որ կյանքը հավերժական պայքար է, ոչինչ ավարտված չէ։

Մի անգամ Վանում մի ֆիդայու կախաղանի են դատապարտում։ Գիշերն աղջկան կանչում է բանտ, ասում՝ «աղջիկս, առավոտյան ինձ կկախեն հրապարակում, իսկ դուք ինձ կթաղեք, բայց մի օր, երբ Հայաստանն ազատ լինի, կգաս, գերեզմանս կբացես, որ ոսկորներս տեսնեն Հայաստանի ազատության արևը»։ Այդ ֆիդայու համար էլ ոչինչ ավարտված չէ, քանի դեռ կան այս պատմությունը, այս պատմությունը պատմողներն ու Հայաստանի ազատության համար պայքարողները։

Մենք այդ ֆիդայուն, հերոս Տարոնին ու մեր սերունդներին Հայաստանի ազատության արև ենք պարտք։»:

Հայկական ալիք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս