ԵՄ 6 երկիր դեռ չի ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագիրը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Անդրեյ Սիբիգան հայտնել է, որ ԵՄ վեց երկիր դեռ չի ստորագրել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագիրը, հաղորդում է UA News.net-ը։
«ԵՄ 27 երկրից միայն 6-ը դեռ չեն միացել համատեղ հռչակագրին (Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին – խմբ.)»,- ասել է Սիբիգան հեռուստամարաթոնի ժամանակ։
Դրանք են Ավստրիան, Խորվաթիան, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան և Մալթան։
«Մենք այժմ աշխատում ենք այս գործընկերների հետ, որպեսզի նրանք ևս միանան հռչակագրին»,- ավելացրել է նա:
Սիբիգան նշել է, որ այս բոլոր պետություններն ունեն քաղաքական կամք՝ դառնալու հռչակագրի կողմ։
Ըստ նրա, Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև անվտանգության երաշխիքների հարցը։
«Մեր ակնկալիքներն ապացուցվեցին, լեհական կողմի դիրքորոշումը լսվեց։ Վստահ եմ, որ մենք կհասնենք ճիշտ արդյունքի, որին արժանի են երկու երկրները»,- ասել է Սիբիգան։