Իրանի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ն որակել է անարդյունավետ, իսկ ԱՄՆ-ն` աշխարհի անկայունության պատճառ
Աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է, մարդիկ պետք է այլ մեխանիզմ գտնեն մոլորակի վրա խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում Պաղեստինին նվիրված միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կոչվող վայրը, որը պատասխանատու է աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման համար, վերջին իրադարձությունների ընթացքում պաշտոնապես հայտարարել է իր անզորության, անօգնականության և անարդյունավետության մասին և աշխարհի բոլոր մարդկանց ապացուցել, որ նրանք չպետք է ապավինեն այդ կազմակերպությանը, այլ պետք է այլ մեխանիզմ փնտրեն աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման համար»,-նշել է Ռայիսին:
Այնուհետև Իրանի առաջնորդը հայտարարել է` ԱՄՆ-ն ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում անկայունության ամենամեծ գործոնն է։
«Ազատության և ժողովրդավարության պաշտպանության հավակնորդները ցույց տվեցին, որ իրենք են մեծագույն հանցագործությունների, ռասայական խտրականության և մարդու իրավունքների դեմ հանցագործությունների մեղավորները, և բոլորի համար պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն ոչ միայն կայունության գործոն չէ աշխարհի ոչ մի տարածաշրջանում, այլև եղել և մնում է անկայունության և անվտանգության բացակայության ամենամեծ գործոնն ամբողջ աշխարհում, այդ թվում` Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և աշխարհի այլ կետերում»,-ասվում է Իրանի նախագահի խոսքում:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի չի ձգտում և Թեհրանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում:
Նրա խոսքով` Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված» ուժերի կողմից հաճախակի դարձած հարձակումները սպառնում են տարածաշրջանի բնակչությանը և մեծացնում են Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ընդլայնման ռիսկը: