ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ԶԼՄ-ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին

Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ-ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև ԶԼՄ-ների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և հենց այդ փաստաթղթի շրջանակում դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։

«Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է իր գործընկերների փաստարկներն ու հաշվի առել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցրել են կապի օպերատիվ միջոցների ստեղծումը` հնարավոր տարաձայնությունները մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով լուծելու համար»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում կայացած խորհրդակցություններին հայկական կողմից դրանց մասնակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, ռուսական կողմից` թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։

Տեսանյութեր

Լրահոս