Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացել, որ Հարժիս գյուղի խաչմերուկում վրաբեր ձյան պատճառով բեռնատար ավտոմեքենաները արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները մոտ 1 կմ քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:
«Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ՝ խոչընդոտելով երթևեկությանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման եղանակով (մոտ 150 մ) արգելափակումից դուրս են բերել DAF մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․), որը շարունակել է ընթացքը: