Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Շալվա Պապուաշվիլիին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով գործընկերոջը` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջեւ հաստատել ռազմավարական գործընկերություն:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին եւ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»` Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին:

«Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը եւ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը` նաեւ հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձեւաչափերը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ զարգացման երաշխիք կարող է լինել:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս