Միխայիլ Միշուստինը Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Չինաստան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, բանակցությունների ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում փոխգործակցության ամուր հիմքերի մասին։
«Այսօր դրված է մեր փոխգործակցության ամուր հիմքը, աճում են դրա մասշտաբն ու որակը, ամրապնդվում են ռիսկերին դիմակայելու հնարավորությունները, ինչը լիովին ցույց է տալիս սթրեսակայունությունը և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության լայն հեռանկարը», – նշել է Սի Ծինփինը։
Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ կողմերը պետք է մեծացնեն դրական ազդեցությունները բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններում, համատեղ առաջ շարժվեն սոցիալ-տնտեսական զարգացման և մարդկության միասնական ճակատագրի համայնք ստեղծելու բնագավառում:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, դեկտեմբերի 19-ին Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ, համանախագահել Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների 28-րդ հերթական հանդիպումը, որից հետո կողմերը ներկա են գտնվել տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը։