Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել փոխել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի մոտեցումը
Ֆրանսիայի և Իսրայելի դիրքորոշումները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ տարբեր են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ France Info հեռուստաալիքին տված հարցազրույցը։
«Ինչպես մեր եվրոպական և ամերիկյան գործընկերների մեծ մասը, մենք շատ հստակ ուղերձ ունենք հրեական պետության համար՝ գործողություններն այլ կերպ վարել», – նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է կետային գործողություններ իրականացնի՝ նախազգուշական միջոցներ ձեռնարկելով Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:
«Ռմբակոծությունները չափազանց մեծ վտանգ են ներկայացնում բնակչության համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ավելի մեծ ծավալի օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը: Մենք պետք է Իսրայելից պահանջենք բացել նոր միջանցքներ այդ օգնությունը հասցնելու համար և թույլ տանք այն բաշխել Գազայի ողջ հատվածում, հատկապես հյուսիսում», – ընդգծել է ԱԳ նախարարը: