«Բրիթիշ Փեթրոլեում»-ը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով՝ նավթի գնի բարձրացման վտանգ առաջացնելով
Բրիտանական նավթ արդյունահանող «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերությունը դադարեցրել է նավթի մատակարարումները Կարմիր ծովով՝ Եմենի հութի ապստամբների կողմից նավերի վրա հարձակումների պատճառով։
Ընկերությունն իր որոշումը պատճառաբանել է «տարածաշրջանում վատթարացող անվտանգային իրավիճակով»։ Հութիների հարձակումների պատճառով բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ դիմել են նման քայլի։
«Բրիթիշ Փեթրոլեում»-ը հայտարարել է, որ մշտապես կդիտարկի «նախազգուշական դադարը» և կհետևի տարածաշրջանում իրավիճակին։
Ըստ վերլուծաբանների՝ եթե այլ խոշոր նավթային ընկերություններ հետևեն այս քայլին, ապա նավթի գները կարող են աճել։ Դեկտեմբերի 18-ին նավթի գներն արդեն ավելի բարձր էին․ Brent տեսակի նավթի գինն աճել է մինչև 2,6 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց գրեթե 79 դոլարի։
«Այս պահին պարզ չէ, թե որքան նշանակալից կլինի ազդեցությունը։ Սակայն եթե ավելի շատ փոխադրող ընկերություններ փոխեն իրենց ուղղությունը, և եթե (խմբ․՝ փոխադրումների) այս խափանումը մեկ կամ երկու շաբաթից ավելի տևի, ապա գներն, ամենայն հավանականությամբ, կբարձրանան», – ասել է վերլուծաբան Գրեգորի Բրուն։
Կարմիր ծովը նավթի և հեղուկացված բնական գազի, ինչպես նաև սպառողական ապրանքների փոխադրման ամենակարևոր ուղիներից մեկն է։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և 8 այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Եմենի հութի ապստամբների հարձակումները։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Հութիները հայտարարել են, որ Իսրայել ուղևորվող նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարեցվի։ Առևտրային նավերի վրա հարձակումներ են իրականացվում անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։
Բաբ ալ Մանդեբի նեղուցը շրջանցելու համար նավերն այժմ ստիպված կլինեն ավելի երկար ճանապարհ անցնել, ինչը կարող է մոտ 10 օր ավելացնել ճանապարհորդությանը և կարժենա միլիոնավոր դոլար: