Առաջիկա 2-3 տարում Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում մեծ թռիչք կլինի․ Իրանի դեսպան
Իրանը ձգտում է, որ իրանցի գործարարները ծանոթանան Ռուսաստանի նոր տնտեսական մթնոլորտին. առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերությունները լուրջ առաջընթաց կապրեն։
Ռիա Նովոստիի փոխացմամբ`Nour News գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հաշվի առնելով ձեռնարկած քայլերը` կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում երկու երկրների հարաբերություններում մեծ թռիչք տեղի կունենա։
Դրա համար պայմաններ են ստեղծվում, խոչընդոտներն էլ կրճատվում են», – Ջալալիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Դեսպանն «աննախադեպ» է անվանել վերջին երկու տարվա ընթացքում երկու երկրների միջև գործարարների և տնտեսագետների պատվիրակությունների այցերի քանակը։
Նա նաև ընդգծել է, որ ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են առաջ քաշում, մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել։