2005թ․-ին Վրաստանին փրկեց Ադրբեջանը․ Սահակաշվիլի

Այն բանից հետո, երբ նախագահ Զելենսկին Մայդան 3.0-ի մասին հայտարարություն արեց, շատերը նրա վրա հարձակվեցին՝ երևակայող անվանելով: Ես շատ լուրջ ընդունեցի նախագահի խոսքը, քանի որ ինքս եմ անցել այդ ամենի միջով, և այս սցենարն ինձ ցավալիորեն ծանոթ է։ Այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է «Ուկրաինսկա պրավդան»։

«Վարդերի հեղափոխությունից հետո Պուտինը մեզ չսիրեց։ Նա ռազմական խռովություն կազմակերպեց Բաթումում, որը մենք ճնշեցինք, 2004 թվականին ռազմական սադրանքները Հարավային Օսիայում, և այդ ժամանակ մենք խուսափեցինք լայնածավալ պատերազմից։ Ռուսաստանը մեզ համար լիակատար բլեքաութ սարքեց 2005 թվականի փետրվարին՝ պայթեցնելով էլեկտրահաղորդման գծերն ու գազատարները (այն ժամանակ մեզ փրկեց Ադրբեջանը): Նույն թվականին Գորիի ոստիկանական բաժանմունքը պայթեցվեց։ Մենք բռնեցինք ՊՀՎ գնդապետի։

Ռուսաստանը ամբողջական էմբարգո դրեց վրացական գյուղմթերքի ներկրման վրա և սկսեց վրացիների զանգվածային արտաքսումը Ռուսաստանից 2006 թվականին։ Մի խոսքով, ամեն ինչ բնակչության շրջանում զանգվածային դժգոհություն առաջացնելու համար։ Գործի դրվեց վրացական ծագումով ռուսաստանցի օլիգարխ Արկադի Պատարկացիշվիլին, որն իր վերահսկողության տակ գտնվող խողովակներով սկսեց նախապատրաստել 2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։

Այն բանից հետո, երբ հանրահավաքը ցրվեց առանց զոհերի և լուրջ տուժածների (բայց փաստն ինքնին մեծապես վնասեց մեր միջազգային հեղինակությանը), ես հրաժարական տվեցի` կրճատելով իմ առաջին նախագահական ժամկետը ավելի քան մեկ տարով, և դժվարությամբ հաղթեցի նոր ընտրություններում (ընդ որում, պարտվեցի Թբիլիսիում):

Հարկ է նշել, որ այս իրադարձություններից քիչ առաջ մենք նամակներ ստացանք ՀԴԲ-ից, որտեղ հայտնում էին, որ Ռուսաստանից ժամանած վրացի քրեական հեղինակությունների խումբը հաստատվել է Երևանում՝ «Վարդերի հեղափոխության ռիմեյք» կազմակերպելու առաջադրանքով։ Այն, որ Պուտինը փորձել և փորձում է նմանակել մեր հեղափոխությունները, զարմանալի չէ, քանի որ նա և՛ մայդանները, և՛ վրացական իրադարձությունները հաշվարկել էր որպես ԿՀՎ-ի մեքենայություններ, այլ ոչ թե ժողովրդի կամք, որին ինքը չի հավատում։

Իմ հաղթանակը, նրա բոլոր մեքենայություններից հետո, տհաճ անակնկալ ստացվեց Պուտինի համար, և նա, ի վերջո, լայնամասշտաբ ներխուժման որոշում ընդունեց, որի նպատակը Լավրովը չթաքցրեց Կոնդոլիզա Ռայսի հետ զրույցում՝ Սահակաշվիլիի տապալումը։ Բայց 2008 թվականի օգոստոսին Մոսկվան չկարողացավ կատարել այդ ռազմավարական խնդիրը։

Սակայն Պուտինը չհանձնվեց։ 2012 թվականի վճռական խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռուսաստանը հրապարակ հանեց իր հովանավորյալ ռուսաստանյան-վրացական օլիգարխ Իվանիշվիլիին: Նրան թույլ տվեցին նախընտրական քարոզարշավի համար Ռուսաստանից 2 միլիարդ դոլար դուրս բերել։

Ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում մեր դեմ կատաղի արշավ ծավալվեց միանգամայն ցնորական մեղադրանքներով, ինչպես, օրինակ, այն, որ կինս երեխաների օրգանների առևտրով էր զբաղվում։

Ռուսաստանի տեսանկյունից 2008-ի անհաջող պատերազմից հետո նրանք սկսեցին ահաբեկչություններ իրականացնել՝ պայթեցրեցին շուկան, երկաթուղին, շրջանի վարչակազմի ղեկավարին և սպանեցին հատուկ նշանակության ջոկատի ղեկավարներին։ Եվ միայն Պուտինին ուղղված Օբամայի կոչից հետո ահաբեկչական հարձակումները դադարեցին։ Արդեն այն ժամանակ ամերիկացիները կարող էին համոզվել, թե ով է աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորը»,- գրել է Սաակաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս